«Լևոն Մարտիրոսյանի ասածը նման էր գորբաչովյան հայտարարություններին»
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը անտարբերությամբ է վերաբերվում ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, որը վերաբերում էր ԼՂ ազատագրված տարածքների հանձնմանը: «Նման հայտարարությունները նման են գորբաչովյան հայտարարություններին, որոնք կարող են այս կամ այն կերպ մեկնաբանել: Քաղաքական նման հայտարարությունները տեղ են թողնում նահանջի համար, ստուգում են ժողովրդի տրամադրությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա Ալեքսանդր Մանասյանը չի բացառում, որ նման գործողություններ տեղի կունենան նաեւ ԵՄ այլ երկրներում եւս, ինչպես նաեւ՝ ՌԴ-ում. «Ահաբեկչությունները կարող են լինել այնտեղ, որտեղ դա կհաջողվի նրանց: Մենք պետք է զգոնություն պահպանենք»: Ինչ վերաբերում է սահմանդրական փոփոխությունների հանրաքվեին ու քարոզարշավին, ապա Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ ԶԼՄ-ներում քաղաքական այս թեմային պետք է ավելի շատ ցուցադրվեն գիտական-վերլուծական հաղորդումներով. «Օդում թեւածող բանաձեւերը զուտ քարոզչական են ու հիմնավորված չեն, մինչդեռ դրանք պետք է միտված լինեին մրցակցային ժողովրդավարական սկզբունքների տարածմանը, քաղաքական նոր մշակույթի հաստատմանը, կլուծի այն հակասությունները, որոնք մեր հասարակությունն ունի, որոնք գլոբալ են»: Նա ծանոթ է նոր Սահմանդրությանը եւ դրական է տրամադրված. «Գլխավոր փաստակն այն է, որի մասին քչերն են խոսում, սակայն դրա մասին ներքին կարգով պետք է ասենք, նախագահի ընտրություններն են, որոնք ՀՀ-ն դարձնում են օտար երկրների համար ակտիվ գոտի: ԱԺ ընտրությունների ժամանակ այդպես չի լինում: Սահմանադրական փոփոխությունների գլխավոր առավելությունն այն է, որ կարող է բացառել այդ ցնցումները, մյուս կողմից էլ ժողովուրդը քաղաքական նոր կյանքի, նոր մշակույթի փորձ է ձեռք բերում: Չեմ ասում, որ փորձադաշտ դառնա մեր հանրապետությունը ու երկրի համար ճակատագրական հարցերը ժողովարաների քննարկման առիթ դառնան»: Քաղաքագետի կանխատեսումներով՝ եթե խորհրդարանական կառավարման համակարգ լինի, ապա այդ ժամանակ պայքարը կլինի կուսակցությունների ծրագրերի միջեւ. «Ժողովուրդը միայն կողջունի դա. մենք թերագնահատում ենք մեր ժողովրդին, որ իբր չի հասկանում կուսակցությունների ծրագերից, թեեւ այնտեղ կարդալու բան էլ չկա»: