Ո՞վ է պատասխանատվություն կրում ցմահների մահվան համար (տեսանյութ)
Եթե ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ծանր հիվանդության հիմքով ազատվեց պատժի կրումից եւ 15 օր ապրեց ազատության մեջ, ապա նրա բախտակից Կարեն Բոյաջյանը մահացավ հենց Քրեակատողական հիմնարկում: «Սողոմոն Քոչարյանի դեպքում, երբ մի տարուց ավել գրվեց, գրվեց, գրվեց եւ վերջապես համարյա վերջում, մահամերձ վիճակում նա ազատվեց, եթե չլիներ ամբողջ պայքարը այդ տասնհինգ օրն էլ նա ազատության մեջ չէր լինի, Բոյաջյանի մասով չեղավ այդպիսի աջակցություն, սա է ամբողջ խնդիրը»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտան Ավետիք Իշխանյանը: Փաստաբան Հայկ Ալումյանը համոզվել է՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրը շատ խորքային է եւ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության օրոք իրավունք չուներ մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ: « Դա այդպես չպետք է լիներ, որովհետեւ չի կարող անձի նկատմամբ նշանակվել մի պատիժ, որը գոյություն չի ունեցել այն ժամանակ, երբ հանցանքը կատարվել է: Դա բացարձակ ապօրինություն է»,- ասաց Հայկ Ալումյանը: Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանը հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, իսկ թե ինչից է մահացել Կարեն Բոյաջյանը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը: Ո՞վ է պատասխանատվություն կրում նրանց մահվան համար «Հայաստանում ոչ մեկը պատասխանատվություն չի կրում ոչ մի բանի համար: Ցույց տվեք մի մարդ, որը մինչեւ հիմա, որեւէ հարցի համար, ես չեմ ասում պահերի համար՝ պատասխանատվություն կրի, չի կրել եւ չի էլ կրելու»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Ներկա պահին Հայաստանում 102 ցմահ ազատազրկման դատապարտված կա: Մանրամասները՝ տեսանյութում: