«Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլը դեռ շարունակվում է
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հացադուլից դուրս գալուց հետո նրան միացած մյուս երեք դատապարտյալները՝ Գեղամ Ասատրյանը, Հովսեփ Տերտերյանը եւ Փայլակ Խանամիրյանը եւս դադարեցրել են իրենց հացադուլը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Անկախ հանձնաժողովի գործունեության դեմ պայքարող երեք դատապարտյալ, սակայն, դեռ «Վարդաշեն» ՔԿՀ-ում շարունակում է իր հացադուլը: Նրանք իրենց անունները, ինչպես նշեց Գոռ Ղլեչյանը, չեն ցանկացել հրապարակել: Հիշեցնենք, որ երեկ խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրեց հացադուլը, որը տեւեց 11 օր: Ընկերները եւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էին նրան դիմել՝ հացադուլը դադարեցնելու հորդորով: Վոլոդյա Ավետիսյանը հացադուլի միջոցով իր բողոքն էր արտահայտում անկախ հանձնաժողովի գործունեության դեմ: Ավելի ուշ «Ա1+» զանգահարեց Հովսեփ Տերտերյանի եղբայրը եւ տեղեկացրեց, որ նա շարունակում է իր հացադուլը։