«Աշխարհին ցույց տանք, որ մենք կաշառակեր չենք» (տեսանյութ)
Միջազգային հանրության աչքերում այս տարիներին ձեւավորվել է պատկեր, թե հայ ժողովուրդը կաշառակեր է. այսօր Վանաձորում «Նոր Հայաստան»-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը: Նա համոզված է, որ այդպիսի պատկերացման հիմք են դարձել Հայաստանում կայացած բոլոր ընտրությունները. «Միայն դա պատճառ հանդիսացավ, որ միջազգային հանրությունը համաձայնվեց, որ քաղաքացիների հնարավորությունները սահմանափակվեն, որ քաղաքացիները զրկվեն երկրի առաջին դեմքին ընտրելու հնարավորությունից»: Պարոն Ղուկասյանը համոզված է, որ ՀՀԿ –ն տարիներ շարունակ գտնվելով իշխանության ղեկին՝ վերածվել է հանցավոր ռեժիմի. «Իրենք ուզում են ժողովրդի վրա դնել ամբողջ պատասխանատվությունը: Արդեն իսկ երբ դրել են հարցը հանրաքվեի, իրենք հասել են իրենց նպատակին: Իսկ մենք դեմ ենք դրան»: «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկայանը վանաձորցիներին կոչ արեց դեկտեմբերի 1-ին միասնական դուրս գալ փողոց. «Նպատակը այն է, որ աշխարհին ցույց տանք, որ մենք կաշառակեր չենք, մենք չենք հանձնվելու, մենք կարող ենք խաղաղ ճանապարհով վերականգնել մեր երկրում սահմանադրական նորմերը»: