Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԵԴ-ը կարող է սահմանել, որ ՀՀ-ն պետք է գրանցի նույնասեռ ամուսնությունը» (տեսանյութ)

Հասարակություն
Sos-Gimishyan

Արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին պետք է հեռու մնա պետության գործերից: Քրիստոնեական կրոնապետություն, բացի Վատիկանից, աշխարհում գոյություն չունի: Աստվածաբան Վարդան Խաչատրյանը նշում է. «Հայոց առաքելական եկեղեցու ունեցած ազդեցությունը հասարակության ներսում ենթադրում է, որ նա պետք է ունենա ազդեցություն նաև կայացվող որոշումների, առավել ևս՝ հոգևոր ոլորտում կայացվող քաղաքականության վրա»: Աստվածաբանը պատահական չի համարում Հայոց առաքելական եկեղեցու բարձր դերի մասին սահմանադրական դրույթի ամրագրումը։ Հայ ժողովրդի պետականածնության հիմքում ընկած է եղել քրիստոնեությունը։ Բացի այդ՝ հասարակության մեջ գերակշռում են ավանդական արժեհամակարգի կրողները: «Իսկ հաշվի չառնել որևէ կերպ որևէ երկրի ներսում գոյություն չունեցող մեծամասնությունը, ես համարում եմ, որ դա ուղղակի տվյալ իշխանությանը կբերի ծայրահեղ ծանր վիճակի»,- ասում է նա: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մտահոգություն չունի, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակի 17-րդ հոդվածով Հայոց առաքելական եկեղեցուն տրվող բարձր դերի մասին նշումը իրավական անհավասարություն կառաջացնի մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Ըստ նրա՝ խնդիրն այլ տեղ է: «Լրացուցիչ կետ կա, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները պետք է ամրագրվեն հուշագրով: Այդ հուշագիրը պետք է հետաքրքրի Հայաստանի բնակչության 90 տոկոսին՝ ի՞նչ հուշագիր է, ի՞նչ է սահմանելու այն և ի՞նչ պարտավորություններ է դնելու»: Իրարամերժ են նաև կարծիքները ընտանիք կազմելու սահմանադրական դրույթի վերաբերյալ: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի դիտարկմամբ՝ նոր Սահմանադրությամբ հնարավորություն է բացվում Հայաստանին պարտադրել նույնասեռ ամուսնություններ գրանցել: «Եթե երկու տղամարդ դիմեն զագս և փորձեն իրենց ընտանիքը գրանցել, այնտեղ կմերժվի, կմերժվի առաջին ատյանում, երկրորդ, երրորդ, Սահմանադրական դատարաններում, ու այդ մարդիկ հասան Եվրադատարան, Եվրադատարանն էլ 81 հոդվածից ելնելով սահմանելու է, որ այդ մարդկանց Հայաստանը պետք է գրանցի»: Երկրները, որոնք ժամանակին թույլատրել են նույնասեռ ամուսնությունները, աստիճանաբար հրաժարվում են իրենց իսկ ընդունած օրենքներից: Ասում է Հրանուշ Խառատյանը: Պետք չէ նույնասեռ ամուսնություններն արգելելը կամ թույլատրելը տեղավորել օրենքների տրամաբանության մեջ: «Ես վստահ չեմ, որ Սահմանադրությունը կամ օրենքը պետք է անմիջապես հստակ փորձի կարգավորել խնդիրներ, որոնք կարող են բարոյականության և արժեքային այլ ճանապարհներով փորձել կարգավորել»: Նրա համոզմամբ՝ կրոնական կամ սեռային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ իրականացնելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակական տրամադրությունները, ինչը Հայաստանում արված չէ: