Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որպեսզի շահես որդուդ սերը, պետք է պատրաստես խնձորապուր»

Կարևոր լուրեր Հասարակություն
photo6

Պապաս ունի սափրած այտեր Ու կոկորդին մի խնձորակ։ Նա երգում է մամայիս պես, Երբ կանգնած է ցնցուղի տակ։ Այսպես էլ սկսվում է աշխարհահռչակ նկարազարդող-հեղինակ բելգիացի Կլաաս Վերպլանկի 2012 թվականին  լավագույն մանկական գիրք ճանաչված «Խնձորապուր»-ը, որն առաջին անգամ թարգմանվել է հայերեն։ photo1 «Խնձորապուր»-ը քաղցր գիրք է, որը պատմում է հոր եւ որդու հարաբերությունների մասին. «Մի անգամ տղայիս վրա բարկացել էի, տղաս ասաց, որ ինքն ինձ այլեւս չի սիրում ու, որ մենք այլեւս ընկերներ չենք։ Ես ասացի, որ եթե նույնիսկ ես բարկանում եմ, ես քո հայրն եմ, ու շարունակելու ենք մնալ ընկերներ։ Դրանից հետո որոշեցի գրել այս գիրքը։ Երեխաները մտածում են՝ կա՛մ դու լավն ես, կա՛մ դու վատն ես։ Միջին կարգավիճակ չկա։ Այս գրքով փորձում եմ բալանսի բերել»,-ասում է գրքի հեղինակը։ photo2 Նպատակ չի ունեցել ստեղծելու հոր կերպար, ով կատարյալ է։ Եթե այլ գրքերում հայրերը ներկայացված են որպես հերոս, որպես կատարյալ հայր, ապա «Խնձորապուր»-ում հորը կարող ենք տեսնել տարբեր կերպարներում։ Հեղինակի նպատակն է՝ ստեղծել իրական կերպար։ photo3 Աշխարհահռչակ նկարազարդող-հեղինակն ավելացնում է. «Հայրը պետք է ընդունակ լինի ասելու՝ «Այո, ես սխալ եմ եղել, կներես։ Եվ, որպեսզի շահի որդու սերը, պետք է պատրաստի խնձորապուր։ Շատ կարեւոր է, որ ծնողների դուռը միշտ բաց լինի երեխաների համար։ Գիրքը պատմում է, որ երբ դուռը թակում են, դուռը բացում են»։ photo7 Գրքի շնորհանդեսին ներկա էին փոքրիկներն իրենց ծնողների հետ. «Աստված իմ, այսքան մարդ եկել է, որ իմ գրքի հետ ծանոթանա։ Անչափ ուրախ եմ»,- ասում Կլաաս Վերպլանկը։ photo9 Միջոցառմանը ներկա ծնողները նշում են, որ նման գրքերը պետք է շատ լինեն՝ թե՛ հայրիկների, թե՛ մայրիկների մասին։ Մեզ հետ զրույցում բելգիացի հեղինակը խոսեց գրքի անվան մասին. «Խնձորապուրը շատ հայտնի ուտեստ է Բելգիայում։ Սա մի աղանդեր է, որ յուրաքանչյուր երեխա շատ է սիրում։ Այս ապուրը կարգավորում է տղայի ու հոր հարաբերությունները։ Երբ ես փոքր էի, ուտում էի, տղաս եւս սիրում է։ Ի դեպ, երբ գիրքը գրում էի, նա վեց տարեկան էր, այժմ արդեն տասնվեց»։ photo10 Հեղինակն ապուր պատրաստելու իր տարբերակն ունի, որը գաղտնիք է. «Ունեմ այնպիսի գաղտնիք, որը չեմ հանդիպել դասական հայտնի բաղադրատոմսերում։ Միայն նշեմ, որ պետք է անձնական մի բան ավելացնել ապուրի մեջ ու պետք է մատուցել տաք եւ համտեսել մատից»։ Կլաաս Վերպլանկի «Խնձորապուրը» գիրք է ամբողջ ընտանիքի համար։ Հայերեն թարգմանությունը գրքի 14-րդ թարգմանությունն է։ Կլաաս Վերպլանկը հրատարակել է հինգ եւ նկարազարդել 150 գիրք։ Ի դեպ, շնորհանդեսի ավարտից հետո նա անձամբ ներկաներին հյուրասիրեց իր պատրաստած խնձորապուրը։