Ինչու են Բժշկականի ուսանողները զրկվել ուսման վճարի փոխհատուցման իրավունքից
Պատգամավոր Թևան Պողոսյանն Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք հաստատված կարգ՝ ԲՈՒՀ-երի կողմից ուսանողներին ուսման վճարի փոխհատուցման իրավունքից զրկելու և ի՞նչ է արել նախարարությունը՝ այդ իրավունքից զրկված ուսանողների համապատասխան իրավունքը վերականգնելու համար: Որպես օրինակ՝ պատգամավորը Արմեն Աշոտյանին հիշեցրեց, որ 2014 թվականին Բժշկական համալսարանում մի քանի տասնյակ ուսանողներ զրկվել են այդ իրավունքից՝ «առավել բարձր առաջադիմություն» եզրույթի դուրս գալու հետևանքով: Սա հիշատակվել է նաև ՄԻՊ տարեկան զեկույցում: Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՄԻՊ զեկույցում ոչ բոլոր փաստերն են ճշտորեն արձանագրված. «Մենք մեկ անգամ այդ ուսանողներին հնարավորություն ենք տվել հանձնել լուծարքներ և չզրկվել անվճար սովորելու իրավունքից, սակայն հաջորդ տարի նրանք կրկին ունեցան լուծարքներ և փաստացի չհամապատասխանեցին անվճար սովորելու չափանիշներին»: Արմեն Աշոտյանի խոսքով՝ կրթության որակի բարելավման ողջ ընթացքում իրենք զբաղված են հենց ուսանողների իրավունքների պաշտպանությամբ: