Սերժ Սարգսյանն իր հաշվարկներն ունի (տեսանյութ)
Իշխանությունները պատրաստվում են կեղծել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, որպես ապացույց բերում է՝ ID քարտերով քվեարկելու հնարավորության ստեղծումը։ «Այս տարբերակով, որով 500000 քաղաքացիներ հնարավորություն են ստանում քվեարկել ID քարտերով և անձնագրով,ըստ այդմ էլ՝ տեսականորեն բացվում է լայն դաշտ՝ երկրորդ, երրորդ, տասներորդ անգամ քվեարկելու»: Սա Նոր Սահմանադրության վերաբերյալ հանրային քննարկմանը հնչած միակ մտահոգությունը չէ: Քննարկման մասնակիցներին անհանգստացնում է նաեւ այն, որ իրենց մտահոգություններն արժանանում են իշխանությունների անուշադրությանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է. «Մենք ունենք շատ հարցեր, հարցադրումներ, սակայն չունենք պատասխաններ: Սահմանադրության ընդունման գործընթացը մի հետաքրքիր օրինաչափություն ունի՝ փչացած հեռախոսի տարբերակը, երբ դու բարձրաձայնում ես խնդիրներ և լսողը պիտի պատասխանի ու չի պատասխանում»: Փաստաբան Անահիտ Չիլինգարյանն էլ ավելացնում է. «Ակնհայտ է, որ այս կարճ ժամանակահատվածում 250 փոփոխություն կատարել ու ստիպել, որպեսզի քաղաքացին նախագծի շուրջ կատարի ընտրություն, այնքան էլ չի համապատասխանում ժողովրդավարության և մասնակցային սկզբունքներին»: Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տվել, որ ամեն մի նախագահ Սահմանադրությունը հարմարեցնում է իր քաղաքական շահերին: Սերժ Սարգսյանը ևս իր հաշվարկներն ունի: «Կիսանախագահականից անցումը խորհրդարանականի գալիս է նրանից, որպեսզի ամրապնդվի արդեն ոչ թե մի անձի այլ իշխող վերնախավի իշխանությունը և այստեղ կա վտանգ»,- ասում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Սահմանադրության նոր նախագիծն անցկացնելու դեպքում Հայաստանը կլինի աշխարհում միակ պետությունը, որտեղ Սահմանադրությամբ կամրագրվի միակուսակցական իշխանության մասին դրույթը: Ի դեպ, «Բաց հասարակություններ» հիմնադրամի կազմակերպած հանրային քննարկմանը մասնակցելու հրավերն այս անգամ եւս պաշտոնյաները չէին ընդունել։