Օմբուդսմենի ինստիտուտի տոտալ մսխում. ՄԻՊ զեկույցը հակասում է Աստվածաշնչին (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում խիստ քննադատեց ու հեգնեց ՄԻՊ 2014թ. զեկույցը: «Զեկույցում մասնավորապես նշված է մոտավորապես նման մտքեր՝ մոծակը կծել է դատապարտյալին, հատուկ ուսուցում անցած ճանճերը կերել են դատապարտյալին: Եթե Չե Գեւարան կամ մարդու իրավունքների մյուս առաքյալները հիմա կենդանի լինեին, չգիտեմ ինչ տպավորություն կստանային ձեր զեկույցից: Կարելի՞ է արդյոք այդքան անլրջացնել ՄԻՊ զեկույցը: Անատամ ու ոչինչ չասող զեկույց է»: Պատգամավորը հայտարարեց, որ զեկույցում օմբուդսմենը անհարկի ու բազմաթիվ մեջբերումներ է արել միջազգային կազմակերպությունների զեկույցներից՝ ՀՀ մասին. «Մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ իրենք հղում անեն ՀՀ ՄԻՊ բացահայտումներին: Իսկ զեկույցում վերաբերմունքը լրիվ փնթի է՝ անգլերենով ներկայացված աղյուսակներ. լրիվ քոփի փեստ: Ես կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտի ոչ թե հեղինակության աճ ունենք, այլ նախկինում ստեղծվածի տոտալ մսխում»: Նա անդրադարձավ նաեւ թուրքական մարտական երկու ուղղաթիռների՝ ՀՀ սահմանը հատելու դեպքին ու Կարեն Անդրեասյանի արձագանքին. «Ի՞նչ արեց մեր օմբուդսմենը: Նա ընդամենը նամակով դիմեց մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին: Որտե՞ղ էին ձեր գործողությունները, արդյունքը: Ոստիկանությանը մեղադրում եք ցածր պրոֆեսիոնալության մեջ, մինչդեռ ձեր ներկայությունը չկար ոչ Բաղրամյանում, ոչ Գյումրիում. երկրում ձեր ներկայությունը չկա: Պարզվում է՝ օմբուդսմենը հարյուր տասը հայտարարությամբ է հանդես եկել, մի հատ էլ գրեիք, որ հինգ հատուկ երազ եք տեսել: Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»: Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ զավեշտալի բաները այնքան շատ են զեկույցում, որ տասը րոպեն քիչ էր իր համար. «Եթե իշխանությունները այնքան գռեհիկ դառնան, որ հայտարարեն, որ միջատների բազմացման նախարարություն է բացվելու, հաջորդ տարի դուք ձեր զեկույցում կգրեք, որ այնտեղ եւս մարդու իրավունքների խախտումներ են եղել»: «Դաժան եք, պարոն Ֆարմանյան, դաժան»,- նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ, ընդհանուր առմամբ դրական արտահատվելով զեկույցի մասին, մատնանշեց որոշ հակասություններ մասնավորապես համասեռամոլների իրավունքների պաշտպանության առումով. «Աստվածաշունչն ասում է՝ գնացեք, բազմացեք, ու այս պարագայում ստացվում է հակասություն: Հիմա ինչ՝ Աստվածաշունչը օրենքից դո՞ւրս համարենք»: «Որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ՝ մենք պետք է առաջնորդվենք քրիստոնեական բարոյախոսությամբ»,- ի պատասխան հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: