Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կատարել է ամենասև գործը». Ադիբեկյան

Քաղաքականություն
aharon-nkar

«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գոյություն ունի տարակարծություն ու պառակտում թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր ուժերի շարքերում»,- կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ առերևույթ «այո» և «ոչ» ասող ուժերի շարքերը տարբեր երանգավորումներ ունեն, ինչն ինքը պայմանավորում է նրանց կողմից խմբային շահեր հետապնդելու ցանկության հետ:

«Իշխանությունների մի մասը դեմ կլինի այս փոփոխություններին, քանի որ կկորցնի իր արտոնությունները, ընդդիմադիրների շարքերում որոշները մտածում են, որ նոր ձեռքբերումներ կունենան և այո կասեն նոր Սահմանադրությանը: Մերժողական ընդդիմադիրներն առաջվա նման դեմ կլինեն ու կպայքարեն ցանկացած առաջարկի դեմ, որը կարվի իշխանությունների կողմից»,- ասում է սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ՝ հանրաքվեում կհաղթանակի այն ուժի տեսակետը, որն ունի ամենամեծ ռեսուրսները. «Դա Հանրապետական կուսակցությունն է»:

Իսկ ինչպես է վերաբերվում տեսակետին, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է նոր Սահմանադրության միջոցով իրականացնել ստվերային կառավարում՝ չզբաղեցնելով պետական պաշտոն և չունենալով պատասխանատվություն իրավիճակի համար՝ ՀՀԿ ղեկավարի դերում հրահանգներ իջեցնել վարչապետին, ԱԺ նախագահին, մյուս առանցքային պաշտոնյաներին.

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կատարել է ամենասև գործը՝ ինքն է գնացել կարևորագույն բանակցություններ վարելու, գործարքներ կնքելու, և չի բացառվում, որ նա կմնա քաղաքականության մեջ»:

Ադիբեկյանը չի բացառում նաև Քոչարյանի վերադարձի հավանականությունը, սակայն դրա համար կա մի մեծ խանգարող հանգամանք. «Մարդկանց այն խումբը, որը Հայաստանում կարևորագույն որոշումներ է կայացնում, չի ցանկանում Քոչարյանի վերադարձը: Նրանց մեջ է նաև Սերժ Սարգսյանը»:

Կա տեսակետ, որ բարձագույն պաշտոնների համար մրցակցում են Սեյրան Օհանյանն ու Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի և ԱԺ նախագահի պաշտոններին այլևս չհավակնող Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությունն անցկացնելու դեպքում ում է տեսնում այդ բարձրագույն պաշտոններում: Այս հարցը սոցիոլոգն անձամբ է տվել Սարգսյանին. «Երբ ես այս հարցը տվեցի Սերժ Ազատիչին նա ինձ պատասխան չտվեց, ասաց, որ ինքը չգիտի»: