Սամվել Կարապետյանը չի հանդիպել ՀԾԿՀ նախագահի հետ
ԱԺ-ում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո այսօր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը շտապում էր հեռանալ շենքից, լրագրողները կարողացան ուղղել մի քանի հարց, որոնք հիմնականում վերաբերում էին ՀԷՑ-ին, էլեկտրաէներգիայի սակագնի հետագա ճակատագրին: Ռոբերտ Նազարյանի խոսքերով՝ այս տարին սակավաջուր չէ, և ներկայիս իրավիճակը պահպանվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կարիք չի լինի: Նրա ասելով՝ իրենց հանձնաժողովում անցկացվող մոնիթորինգի երկրորդ փուլն արդեն ավարտվել է եւ ամենաուշը մյուս շաբաթվա վերջին կայքում կլինի այն: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի նոր տնօրեն Սամվել Կարապետյանին, ապա պարոն Նազարյանը վստահեցրեց, որ նրա հետ երբեք չի հանդիպել. «ՀԷՑ-ը հակաճգնաժամային առողջացման ծրագիր է մշակել, որը դեռևս ես մանրամասներով չգիտեմ, կհրապարակեն, կիմանանք»: Ըստ նրա՝ ձմռան ամիսներին միջին խավի ծախսի առանձին հաշվարկ չկա. «Վիճակագրական տվյալներով՝ միջինացված տարեկան 190-200 կ/Վտ են ծախսում»: Աուդիտի գնահատականներից նա տեղյակ չէր. «Երբ կավարտվի աուդիտը, մեզ շատ կհետաքրքրեն այդ աուդիտի արդյունքները, բոլորս կստանանք, կփորձենք վերլուծել՝ աուդիտի աշխատանքների արդյունքում ինչ թերություններ են արձանագրվել, ինչ բացթողումներ կան, և այն առաջարկությունները որ կարվեն այդ ընկերության կողմից ՀԷՑ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, բնականաբար իրենց հետ կդարձնենք համատեղ աշխատանքային ծրագիր»: