Ռոբերտ Նազարյանին խնայեցին
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր սկսեց քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը: Այն ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նրան հարց ուղղեց՝ հետաքրքրվելով՝ ինչ է արվում ոլորտը բարելավելու համար: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ պատրաստ են քննարկելու բոլոր հարցերը, մասնավորապես նրանք, որոնք առնչվում են սակագների հետ: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նրանից հետաքրքրվեց գազի նոր հաշվիչների տեղադրումից. «Այժմ եղած հաշվիչներն ի վիճակի չեն ճշգրիտ ներկայացնելու գազի ծավալը: Հասկանում եմ, որ հանձնաժողովը շատ լծակներ չունի այս հարցում, եւ դա պետք է անի «ԳազպրոմԱրմենիա»-ն, սակայն չե՞ք կարծում, որ ժամանակն է դրանք փոխելու»: Պարն Նազարյանը վստահեցրեց, որ դրանք մինչեւ 2017թ. պետք է փոխվեն «ԳազպրոմԱրմենիա»-ի հաշվին: Քանի որ Ռոբերտ Նազարյանը շտապում էր, նա արագ ներկայացրեց ծրագիրը, պատասխանեց հարցերին ու շտապեց հեռանալ: Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բացակայում էր, նիստը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նիստին ներկա էին միայն պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Հակոբ Հակոբյանը: