Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ և ճապոնացի արվեստագետների ստեղծագործությունները՝ մեկ հարկի տակ (տեսանյութ)

Հասարակություն
cucahandes

Հայ և ճապոնացի երեք տասնյակից ավելի արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսն այլևս բաց է քաղաքացիների այցելության համար: 2006 թվականից կազմակերպվող աշխատանքների ցուցադրությունն այս տարի իրականացվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացման կապակցությամբ: «Հայ և ճապոնացի արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը կարևոր է հատկապես այն առումով, որ երկու ժողովուրդների հզորագույն արվեստները ներկայացվում են մեկ հարկի տակ: Երկուսս էլ հին ժողովուրդ ենք, խորիմաստ և գեղեցիկ մշակույթ ունենք: Հաճախ է պատահում, երբ նկարներ ենք տեսնում կողք կողքի դրված և դժվարանում ենք տարբերել, թե նկարիչը որ ազգի ներկայացուցիչ է»,- Ա1+-ի հետ զրույցում նշում է նկարչուհի Արմինե Թումանյանը: Նկարչուհու պնդմամբ՝ Հայաստան ժամանող ճապոնացի արվեստագետներն ամեն անգամ տարբեր կերպ են նկարագրում Հայաստանը. «Ամեն տարի նրանք տեսնում են պրոգրես, ամենից շատ առանձնացնում են մեր ժողովրդի ջերմությունն ու վերաբերմունքը»: Ցուցահանդեսի նախաձեռնողներից արվեստաբան Արա Հայթայանի գնահատմամբ՝ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար հաղթահարելու մեկուսացումը. «Ճապոնական մշակույթն իր բնույթով այնպիսին է, որ զուտ շփումը վերափոխման հնարավորություններ է տալիս և այդ առումով սա մեզ ուրիշ կողմից նայելու հնարավորություն է»,- հավելում է նա: