Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» խուսափեց պարտությունից, իսկ «Փյունիկը»՝ ոչ

Սպորտ
sport-futboli-gavat

Այսօր երկու խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի նոր խաղարկությունը: Քառորդ եզրափակիչ առաջին խաղում Երեւանի «Միկան» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ, չնայած վերջին 30 րոպեներն անցկացրեց 10 հոգով: Հանդիպման 27-րդ րոպեին դաշտի տերերի ֆուտբոլիստ Նարեկ Բալայանը հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում շիրակցիները անկյունայինի խաղարկումից հետո վերականգնեցին հավասարակշռությունը: Աչքի ընկավ կոտդիվուարցի Մուհամեդ Կաբան: «Առաջին խաղն անցկացնում էինք մրցակցի հարկի տակ, ուստի առաջադրանքը շատ պարզ էր՝ անցկացնել չոր հանդիպում եւ աշխատել գոլ խփել: Բայց առաջին խաղակեսում գնդակ ընդունեցինք: Ճիշտ է, ընդմիջումից հետո կարողացանք խփել պատասխան գնդակը, սակայն այդ պահից հետո մեր խաղը չստացվեց, որովհետեւ տղաները սկսեցին անհարկի շտապել, բացի այդ խախտվեց խաղային կարգապահությունը» - հանդիպումից հետո ասաց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: «Մենք այսօր լավ խաղացինք, ստեղծեցինք բազմաթիվ վտանգավոր պահեր, բայց այդպես էլ չկարողացանք հաղթանակ տանել: Սա գավաթային հակամարտություն է, պատասխան խաղ կա, ուստի ամեն ինչ դեռ առջեւում է» - հանդիպումն այսպես մեկնաբանեց «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը: Այսօր տեղի ունեցավ քառորդ եզրափակիչ փուլի եւս մեկ հանդիպում: Այս տարվա գավաթակիր «Փյունիկն» իր հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապանին»: Փյունիկցիները չնայած առաջինը գոլ խփեցին, սակայն հետո երեք գնդակ բաց թողեցին եւ ծանր պարտություն կրեցին՝ 1:3: Պատասխան հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 4-ին, «Շիրակի» եւ «Գանձասար-Կապանի» խաղադաշտում: