Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիրը ստացել է տրանշ՝ գենդերի օրենքն ընդունելու համար». ով է այս մասին հայտարարել (տեսանյութ)

Քաղաքականություն
25a396a8aa9f8fffde89f7f94560fc58

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը կտրականապես դեմ է սահմանադրական փոփոխություններին. «Մեզ մատուցում են մի ծաղկեփունջ, որտեղ մի քանի վարդ կա, դրանց հետ կան նաև փտած ծաղիկներ: Բայց մեզ ասում են՝ ոչինչ, վերցրեք»: Գործչի համար առաջարկվող փաստաթղթի մի շարք կետեր պարզ չեն: «Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու առնվազն 101 պատգամավոր պետք է լինի խորհրդարանում, դե այդպես է՝ 150 դարձնենք: Անհասկանալի է՝ ի՞նչ է նշանակում երեխայի կարծիքի ազատ արտահայտում, ո՞ր երեխայի. երե՞ք տարեկան, տա՞սը տարեկան և այլն»,-շեշտեց պարոն Սարգսյանը: Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը փորձեց բացատրել. «Եթե ընտրական օրենսգիրքը կնախատեսի երկրորդ փուլ, այդ դեպքի համար է գրված՝ 101 պատգամավոր: Եթե ոչ, կլինի հենց 101 պատգամավոր»: ՀԴԿ նախագահը շեշտեց, որ իշխանությանը ոչինչ չէր խանգարում՝ բարեփոխումներ իրականացնելու: «Որևէ կերպ այս համակարգը խանգարո՞ւմ էր, որ կոռուպցիան նվազեցնեիք, երկիրն այսպես չթալանեիք, պետական պարտքն այսքան չլիներ: Ձեր ադմինիստրատիվ ռեսուրսը կարող էր արդեն չբավարարել՝ իշխանությունը պահելու, դրա համար դիմում եք այս քայլին»: «Խոսք կա, որ ամեն առավոտ 3 մլն Նապոլեոն է արթնանում Հայաստանում: Քանի որ ամբողջ ազգը չի կարող լինել պատգամավոր կամ նախարար, դրա համար հնարավորություն է տրվում այս ձևով իրականացնել փոփոխություններ»,-ասաց Շիրակ Թորոսյանը: Իսկ պարոն Սարգսյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունները դրսից գումարի դիմաց արվող գործընթաց է: «Կոնկրետ օրինակ բերեմ. Հովիկ Աբրահամյանը, երբ ԱԺ նախագահ էր, պաշտոնապես հայտարարել է, որ մեր երկիրը ստացել է տրանշ՝ գենդերի մասին օրենքն ընդունելու համար»: «Չէր կարող նման բան ասել պարոն Աբրահամյանը»,-հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Հարցրեք Սարգսյան Տիգրանին»,-պատասխանեց ՀԴԿ ղեկավարը: Իսկ թե ինչպիսի՞ արդյունք կարելի է ակնկալել հանրաքվեից, պարոն Սարգսյանը նշեց. «Եթե լինի 35 տոկոս մասնակցություն, դա չի կարող լուրջ լինել: Սա սովորական ընտրություն չէ, սահմանադրության հարցով պետք է քաղաքացիների 70 տոկոսից ավելին մասնակցություն ունենա և մեծամասնությունն այո քվեարկի»: Ինքը, սակայն, քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին կոչ է անելու դեմ քվեարկել: