Ինչո՞ւ մյուս ուժերը լքեցին կոալիցիան. կանչել-բամփե՞լ են (տեսանյութ)
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ոչ է ասում սահմանադրական փոփոխություններին, քանի որ տեսել է այլ երկրների փորձը: Նա, մասնավորապես, հիշեցնում է Մոլդովայի օրինակը. «Մոլդովայի վարչապետն ասում էր՝ երկիրն ունի երեք գլուխ, և բոլորն իրար վրա են գցում խնդիրները: Ստեղծվել էր իրավիճակ, որը երկիրը տանում էր կործանման, և նա առաջարկում էր անցնել նախագահական կառավարման»: Պարոն Կարապետյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի ունեցած երբեմնի կոալիցիային. «Ոչ ոք մինչև վերջ չի կարողանում բացատրել, թե ինչու մյուս ուժերը լքեցին կոալիցիան: Մեկին հայ-թուրքական արձանագրության համար, մեկին շատ կներեք՝ կանչել, բամփել են...»: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը համամիտ չէ, որ չի ասվել, թե ինչու են կուսակցությունները լքել կոալիցիան. «Հանրապետական կուսակցությունը շատ բարձր տոկոս էր հավաքել, և կարիք չուներ կոալիցիա կազմելու: Բայց մեր կուսակցությունը բարի կամք է դրսևորել և դրսևորելու է: Մեր դռները բաց են, ովքեր ուզում են ջանքերը համատեղել, կարող են միանալ»: Պարոն Կարապետյանը շարունակեց ներկայացնել իր փաստարկներն՝ ընդդեմ փոփոխվող սահմանադրության. «Աշխարհը գնում է պատերազմական գործողությունների, և պետությունները կենտրոնացնում են տարբեր համակարգեր: Այս նոր սահմանադրության մեջ գրված է, որ խաղաղ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Պաշտպանության նախարարն է, պատերազմի ժամանակ՝ վարչապետը: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե պատերազմի ժամանակ Ստալինը չլիներ ղեկավար, այլ Մալինովսկին: Բանակը չի կարելի բաժանել խաղաղ և պատերազմական ժամանակների»: Նա հիշեցրեց նաև, որ աշխարհում ամենաարդյունավետ աշխատող երկիրը ԱՄՆ-ն է և այնտեղ նախագահական կառավարում է: ՀՀԿ-ականն իր հերթին նշեց. «Այս սահմանադրությամբ որոշումները ոչ թե մի կաբինետում են կայացվելու, այլ ավելի լայն քննարկումներ են լինելու: Կուսակցությունների ցուցակներով կարող են ընտրվել մարդիկ, ովքեր առաքինի են, քաղաքագիտական կատեգորիաները գիտեն»: Իսկ արդյո՞ք երկրի գլխավոր փաստաթղթի փոփոխությունն արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, պարոն Կարապետյանը հավատով է լցված. «Ես հավատում եմ, որ այդ երեք պաշտոններում նա չի լինի: Հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը կմնա գենսեկի կարգավիճակում: Նա որոշումները կկայացնի, հետո կուսակցության մյուս անդամները դա կներկայացնեն»: