Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե թունավոր արտանետումների հարցով ստուգում չանցկացվի, ՀԿ-ն կդիմի դատարան

Հասարակություն
11fa3b9710a41ad35dfa1807db3cf5be

Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները մինչեւ հունվարի 1-ը սահմանափակելը խնդիրներ է ստեղծում բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Այսօր ահազանգեց «Սիվիլ վոյս» բնապահպանական ՀԿ-ի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը: Նրա խոսքերով՝ Բնապահպանության նախարարությանը տրամադրել են տեսանյութ, երբ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից թունավոր արտանետումները լցվում են Արաքս գետ: «Սակայն ստացել ենք պատասխան, որ կառավարության համար 1839 Ա որոշմամբ իրենք չեն կարող ստուգումներ իրականացնել մինչեւ հունվարի 1-ը: Այսինքն` ստուգումներ իրականացնելու գործընթացում, ստացվում է, բնապահպանությունը մեղադրում է կառավարությանը; Ասում է՝ մենք մինչեւ հունվարի 1-ը ստուգումներ չենք կարող անել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բաբկեն Հարությունյանը: Ի դեպ, ըստ կառավարության որոշման՝ եթե էական վտանգ է սպառնում հանրային անվտանգությանը, կյանքին եւ առողջությանը, տեսչական մարմինը կարող է նախապես հիմնավորումներ ներկայացնել վարչապետին, որի գրավոր համաձայնության պարագայում կթույլատրվի ստուգում անցկացնել: «Սիվիլ վոյս» բնապահպանական ՀԿ-ն այդ հարցով, սակայն, չի դիմել վարչապետին: «Չենք պատրաստվում կառավարություն- բնապահպանության նախարարություն խնդիրները կարգավորել, սա իրենց խնդիրն է: Բնապահպանության նախարարությունը տարանջատել կառավարությունից որքանո՞վ է ճիշտ: Ի վերջո, բնապահպանության նախարարությունը ինչ-որ մի կուսակցության ստորաբաժանում չէ, դա կառավարության մի մասն է կազմում, հետեւաբար մենք չենք հավակնում ստանձնել ոչ կառավարության փաստաբանի կամ դատավորի դերը, որպեսզի որոշենք, թե ով է ճիշտ կամ սխալ վարվում»,- նշեց նա: Ի դեպ, եթե առաջիկայում ստուգումներ չանցկացվեն, ՀԿ-ն պատրաստվում է դիմել ու դատական կարգով լուծել հարցը: