Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է լինում, երբ հիվանդի հարազատը հրաժարվում է արյունատվությունից (տեսանյութ)

Հասարակություն
aryun-nkar

60-ամյա Զեմֆիրա Միրզախանյանը արյունաբանական կենտրոն է եկել՝ իր արյան կարիքն ունեցողներին օգնելու համար։ «Ես միշտ դոնոր եմ եղել, հիմա էլ տարիքս մեծացել է, ուզում եմ էլի ինձ զգամ ավելի ջահել, ավելի առույգ, որ ինսուլտ չտա, ինֆարկտ չտա: Այդ տեսակետից շատ լավ է արյուն հանձնելը, ես ինքս բուժաշխատող եմ ու գիտակցաբար այս գործը անում եմ»,- ասում է նա։ Ի տարբերություն զարգացած հասարակությունների՝ մեզ մոտ արյուն հանձնելու մշակույթը բավարար զարգացած չէ։ Արյուն կարող են հանձնել 18-ից 60 տարեկան անձինք, փոխհատուցման գումարը 12 000 դրամ է, որը տրվում է սնունդ գնելու՝ արյան պաշարը վերականգնելու համար: Արյան պաշարների սակավությունը լրացնելու համար բնակչության առնվազն 2 տոկոսը պետք է արյուն հանձնի։ Արյուն հանձնողների մեջ փոքրամասնություն են կազմում դրա դիմաց գումար չակնկալողները։ «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի տվյալներով՝ դոնորների 8.3 տոկոսն են անվարձահատույց, դոնորների 46 տոկոսը հարազատներն են, որոնք հիվանդանոցում հիվանդ ունեն և արյուն են հանձնում, մնացածները փոխհատուցվող դոնորներ են»,- նշում է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։ Չնայած մեզ մոտ արյուն հանձնողները շատ չեն, պարոն Դաղբաշյանը պնդում է՝ Հայաստանի հիվանդանոցներում արյան պակաս չկա։ Ըստ նրա՝ արյան պակասի մասին համացանցում հաճախ հանդիպող գրառումներն այլ հիմք են ունենում. «Երբ հիվանդի հարազատը ուղղակի հրաժարվում է արյունատվությունից, ունենալով համապատասխան բնութագրեր, վերցնում է իր հեռախոսը, մտնում է սոցիալական ցանցեր և գրում, որ այս կամ այն հիվանդի համար անհրաժեշտ է արյան բաղադրամասեր»։ Մինչ հիվանդանոցներ տեղափոխելն ու այն մարդկանց ներարկելը, Արյունաբանական կենտրոնում կուտակված արյունն անցնում է երկար ճանապարհ։ «Արյան բաղադրամասերը տեղափոխվում են առաքման բաժանմունք, այնտեղ ևս ունենք համապատասխան սառցարանային պայմաններ ու տեղափոխվում է հիվանդանոցներ՝ արդեն փոխներարկման համար»,- պատմում է Սմբատ Դաղբաշյանը։ Նշենք, որ Հայաստանում տարեկան արյուն է հանձնում 15000 քաղաքացի: