Մեկ թեմա՝ բազում վերնագրեր. ԵՄԱ ամփոփումը ՄԻԵԴ վճռի լուսաբանման մասին
Սովորաբար հայաստանյան լրատվամիջոցներից հաճախ բողոքներ են լինում վերնագրերի կապակցությամբ: Քանի որ դրանք կարող են կապ չունենալ բուն հրապարակման հետ, ավելին՝ կարող են հակառակ իմաստն արտահայտել կամ իմաստ չարտահայտել ընդհանրապես, լինել վիրավորական, էժանագին-գրավիչ, 18+ ցուցումով՝ անտեղի կամ հատուկ -18 տարիքովներին հրապուրելու համար, «տեսանյութ/լուսանկարներ» խոստումով, որոնք ոչ մի առնչություն չունեն հրապարակման բովանդակության հետ: Շարքը, ցավոք, կարող է շարունակել ցանկացած մեդիա սպառող: Սակայն այս անգամ խոսքը ճիշտ հակառակի մասին է: Հոկտեմբերի 15-ի ՄԻԵԴ-ի վճիռը՝ Փերինչեքի գործով մի տեսակ լիակատար ադեկվատության թեստի նման մի բան դարձավ հայաստանյան ԶԼՄ-ների համար: Պատճառները ամենատարբեր կարող են լինել: Իսկ պատկերն՝ ահավասիկ: Քանի դեռ վճիռը չէր կայացվել, տեղական մամուլը այդպես էլ՝առանց ավելորդ զարդարանքների ազդարարում էր՝ «ՄԻԵԴ-ը Փերինչեքի գործով վճիռ կկայացնի հոկտեմբերի 15-ին»: Ամենամեծ «զարդարանքը» այս փուլում, այս թեմայի պարագայում զգուշավոր հարցական նշանն էր՝ «Ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ–ը Փերինչեքի գործով. սպասումները զգուշավոր են»: Հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռը: Լրատվամիջոցներն առանց դեսուդեն ընկնելու, որքան էլ զարմանալի է, առանց սենսացիոն արտահայտություններ անելու հենց այդպես էլ գրեցին՝ «ՄԻԵԴ-ը հրապարակեց Փերինչեքի գործով վճիռը»: Կամ՝ «ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Դողու Փերինչեքի գործով»: Իհարկե եղան գնահատողական վերնագրեր, ինչպես օրինակ, «ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի», սակայն ամբողջ հոդվածի շարադրանքը բխում է վերնագրից, կամ ավելի ճիշտ հակառակը՝ վերնագիրը համառոտակի ձևակերպում է հրապարակման բովանդակությունը: Լրատվամիջոցները հավասարապես ներկայացրին նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակության գոհունակությունը վճռի կապակցությամբ։ Ավելին հղումներով՝ սկզբնաղբյուր կայքում