«ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը դառնում է իրականություն» (տեսանյութ)
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագրի ստորագրումը սարերի ետևում չէ: «Այն, ինչի մասին խոսվում է և ինչին պատրաստվում էին քաղաքական ուժերը, և եվրոպական կառույցները, թվում է, թե դառնում է իրականություն»: Փաստացի 2013 թվից մեր երկրի և ԵՄ միջև գնում էին քննարկումներ՝ իրավական փաստաթղթի շուրջ: «Հիմա արդեն կարող ենք ասել, որ տեղի կունենա իրական բանակցային գործընթաց՝ նոր իրավական փաստաթղթի մասով»,-շեշտեց քաղաքագետը: Իսկ ի՞նչ կետեր կարող է իր մեջ ներառել փաստաթուղթը: «Կներառի և տնտեսական, և քաղաքական հարցեր, վիզայի լիբերալիզացման, ֆինանսական աջակցության: Բացի այդ, իհարկե, կլինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների մասով կետեր: Իսկ արտաքին խնդիրներին ու անվտանգությանը վերաբերող հարցերը կարող են ներառվել, եթե չեն հակասի ԵՏՄ-ի հետ ունեցած մեր պայմանագրին»,-ասաց պարոն Մինասյանը: Նա կարծում է, թե սպասվելիք փաստաթուղթը մոտ կլինի այն պայմանագրին, որը նախկինում քննարկվում էր: Իսկ ԵՏՄ անդամակցությանն, ըստ պարոն Մինասյանի՝ չի խոչընդոտի: «Հակառակը, կարծում եմ, որ Ռուսաստանն ինքը շահագրգռված կլինի համագործակցության նոր եզրեր գտնելու Եվրամիության հետ և Հայաստանի օրինակը կարող է լավ տարբերակ լինել գոնե տեսականորեն, թե որ դեպքում կարելի է խոսել ԵՄ-ԵՏՄ ինչ-որ քաղաքական կամ տնտեսական սինխրոնիզացիայի մասին»: Քաղաքագետն իր լավատեսությունը բացատրում է հետևյալ հանգամանքով: «Ելնելով այն հանգամանքից, որ ոչ Հայաստանի, ոչ էլ ԵՄ-ի ամբիցիաներն այնքան էլ բարձր չեն, կարծում եմ, որ մոտակա ամիսներին մենք կտեսնենք այս գործընթացի տրամաբանական շարունակությունը և ավարտը»: Անդրադառնալով Սիրիայում տիրող պատերազմական վիճակին՝ քաղաքագետը շեշտեց. «Քանի որ Ադրբեջանում նավթա-գազային առումով եկամուտների անկում կա, իսլամիստական տրամադրությունները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ դա բավականին լուրջ խնդիր կդառնա հենց Իլհամ Ալիևի համար»: Իսկ մեր երկրի համար պարոն Մինասյանն առայժմ որևէ վտանգ չի տեսնում: «Եթե իսլամիստներն ակտիվանան տարածաշրջանում, ապա առաջին հերթին Ռուսաստանը պետք է անհանգստանա դրա համար»: