Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չդիմացավ շախմատային սպրինտին

Սպորտ
sport-shaxmat

Բեռլինում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներին չհաջողվեց մրցանակային որեւէ տեղ զբաղեցնել: Դրան առավել մոտ էր Լեւոն Արոնյանը, որը 16 տուրից հետո 11,5 միավորով ընթանում էր 3-րդ հորիզոնականում: Սակայն հաջորդ երկու տուրերում մեր ուժեղագույն շախմատիստը պարտություն կրեց, այդ թվում նաեւ աշխարհի 113-րդ համար Յուրի Վովկից, եւ նահանջեց 12-րդ տեղ: Վերջին երեք տուրերում նա չնայած 2 միավոր վաստակեց ավելի ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում, սակայն ընդամենը մեկ աստիճանով բարձրացավ եւ առաջնությունն ավարտեց 11-րդ հորիզոնականում: Մեր մյուս շախմատիստներից Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը 12,5-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 27-րդ եւ 31-րդ տեղերը: Նրանցից կես բալ քիչ վաստակած Սերգեյ Մովսեսյանն առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում: Մեր ամենատարեց շախմատիստը՝ Վլադիմի Հակոբյանը, ցույց տվեց 10,5 միավոր արդյունք եւ ի վերջո զբաղեցրեց 93-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը կես միավորով առաջ անցավ 2-3-րդ տեղերը գրաված ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից եւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից: