Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրագիտարաններ ստեղծելու համար գումարները չեն բավարարում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-hanragitaran

Մոտ երկու շաբաթ առաջ լույս է տեսել մեկ հատորյակից բաղկացած «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը: Այն պատրաստելու համար պահանջվել է 3-4 տարի։ «Այս գիրքն, ըստ էության, մեր ժողովրդին և վաղվա ժամանակների սերունդներին ներկայացնելու է մեր գրատպության մշակույթը։ Այս իմաստով տվյալ հանրագիտարանն ամփոփում է մեր 500 ամյա գրատպության պատմությունն իր բոլոր մանրամասներով ՝ տպարաններով, հրատարակիչներով, լույս տեսած հնատիպ և ավելի վաղ ժամանակների գրքերով , սկզբունքային կարևորություն ունեցող թերթերով, նախաձեռնողներով և այլն»,-նշում է Հայկական հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը՝ հույս հայտնելով նաև, որ գիրքը լայն տարածում կգտնի հանրության շրջանակներում։ Նա շեշտում է, որ թեև վերջին ժամանակներս գրքերի նկատմամբ սառնություն է նկատվում հանրության կողմից, սակայն նման գրքերով պետք է փորձել այդ սառնությունը կոտրել և հետաքրքրություն առաջացնել ընթերցողների մոտ։ Այստեղ ներկայացված են նաև 9-րդ, 10-րդ և 11-րդ դարերի ձեռագրեր, առավել կարևոր ձեռագրերը ներկայացված են նաև առանձին հոդվածներով։ Վերջինիս խոսքերով՝ նման հանրագիտարաններ ստեղծելու համար անհրաժեշտ են հսկայական ռեսուրսներ՝ մարդկային, ֆինանսական, տեղեկատվական աղբյուրներ և այլն, սակայն այդ իմաստով իրենք այսօր լավ վիճակում չեն գտնվում։ «Մենք որպես ակադեմիական հաստատություն ֆինանսավորվում ենք ակադեմիայի չափանիշներով նախատեսված գումարներով, ինչն այդքան էլ մեծ չէ և չենք կարող այդ գումարներով գոյատևել։ Մենք մեր մշակույթը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու խնդիր ունենք այսօր։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատու անձանց մեր խոսքը հղելու ձև գտնել և բարձրաձայնել այս խնդիրների մասին։ Սրա մասին առաջին հերթին պետք է մտածի Մշակույթի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան և ավելի բարձր մարմիններ, որոնք երկրում լուծում են ֆինանսական խնդիրներ»,-շեշտեց բանախոսը։ Գիրքը լույս է տեսել պետական պատվերով, իսկ պատվիրատու կողմը Մշակույթի նախարարությունն է։ Այն տպագվել է 1500 օրինակով։ Արժեքը 10.000 դրամ է։