«Եթե ՀՀ-ում կա «ոչ» կամ «ոչ»-ի շարժում, մենք իրենց անպայման կտեսնեինք» (տեսանյութ)
ԲՀԿ-ն այս պահին դեռ չունի որոշում` ինչ մարտավարությամբ է հանդես գալու` առանձին, թե միասնական է պայքարելու Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի ճակատում: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը`ավելացնելով, որ մշտական այցելություններ ունեն մարզային կառույցներ եւ քննարկում նաեւ այդ հարցերը. «Ժամանակացույցը եւս դեռ քննարկվում է. մոտակա օրերին հայտնի կդառնա: Այս պահին քարոզչական ստրատեգիա` որպես այդպիսին, չունեն: Չեմ կարծում, որ մասսայական հանդիպումների խնդիր ունենք, մենք շատ մոբիլ կուսակցություն ենք եւ պատրաստ ենք շատ արագ արձագանքել յուրաքանչյուր գործընթացի, դրա համար եկեք չբարդացնենք. եթե պետք լինի քայլեր ձեռնարկել ու որոշումներ ունենալ, մենք դա կանենք ու որեւէ բանից մենք չենք ուշանա»: «Ոչ»-ի ճակատը Վահան Բաբայանի մոտ արհեստական տպավորություն է թողնում. «Եթե կան մարդիկ, որոնք ոչ են ասում, բնական է, որ այդ մարդիկ միշտ ոչ են ասելու` հիմնականում ինքնանպատակ: Իհարկե, կլինեն նաեւ մարդիկ, որոնք գաղափարական սկզբունքներով կարող են նաեւ դեմ լինել նման կառավարման մոդելի, եւ դա ընդունելի է, քանի որ պետք է լինեն նաեւ այլ կարծիքներ: Սակայն, երբ որոշ գործիչներ ներկայացնում են, որ «ոչ»-ը կտրուկ քայլեր է անելու, մենք կարող ենք կոնկրետ փաստեր ներկայացնել. օրինակ` մենք ունեցանք հոկտեմբերի 5-ի քվեարկություն, որտե՞ղ էին այդ հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որոնք դեմ են այս բարեփոխումներին: Հարյուր հոգով հնարավոր չէ ազդել ԱԺ կարծիքի վրա: Եթե 100-200 հոգի մարդ է հավաքվում այն էլ` խիստ հայտն մարդիկ, որոնց բոլորս էլ ճանաչում ենք, հասարակական պահանջարկ չկա: Իսկ եթե այն չկա, ուրեմն այդ կոնսոլիդացիան, քաղաքական «ոչ»-ը արհեստածին բնույթ է կրում, այսինքն` հասարակական նման պահանջ գոյություն չունի: Եթե ՀՀ-ում կա «ոչ» կամ «ոչ»-ի շարժում, մենք իրենց անպայման կտեսնեինք, բայց այն, որ ասում եք` ուշանալ, իրենք վաղուց ուշացել են»: