Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյունը գալիս է ամեն տեղ, բայց այն մաքրում են

Հասարակություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Մեկ շաբաթ առաջ ուղիղ կեսօրին տեղացած ձյունը ֆրանսիական Լիոն քաղաքի կյանքը տակնուվրա արեց: Աշխատանքային օրը դեռ չվերջացած մարդիկ սկսեցին վազել՝ տրանսպորտով տուն հասնելու համար: Նրանք, ովքեր չհասցրին, ստիպված եղան ոտքով տուն հասնել՝ քննադական խոսքեր շռայլելով քաղաքային իշխանությունների հասցեին, որոնք անպատրաստ էին գտնվել: Ընդամենը 2-3 սմ տեղացած ձյունը սառել էր, ու ոչ միայն ավտոբուսները դադարել էին երթուղի դուրս գալ, այլեւ ոստիկանները թույլ չէին տալիս վարել այն ավտոմեքենաները, որոնց անվադողերը ձմեռային չէին: Շարք-շարք խցանված ավտոմեքենաներ էին, որոնց վարորդները անթաքացույց նախանձով էին նայում հետիոտներին: Ամեն մետրն անցնելու համար նրանցից պահանջվում էր նվազագույնը 10 րոպե: «5 տարի առաջ է Լիոնում այսպիսի ձյուն եկել»,-ասում էին լիոնցիները: Բայց առավոտյան արդեն ամեն ինչ տեղն ընկավ. գիշերվա ընթացքում փողոցները մաքրվել էին, ավտոբուսներն էլ երթուղի դուրս եկան՝ ճիշտ է ոչ թե ժամը 7-ից, այլ 12-ից: Ընդհանրապես՝ քաղաքային տրանսպորտի (ավտոբուս, մետրո) վարորդները համարվում են արտոնյալ դաս: Նրանք ստանում են մոտ 1500 եվրո, քանի որ այդ աշխատանքը համարվում է վտանգավոր: Համեմատության համար ասենք,ո ր Լիոնում շաբաթական աշխատանքային 35 ժամի համար ստանում են 250-280 եվրո: Հակառակ սրա՝ վարորդները դժգոհ են եւ պարբերաբար գործադուլ են անում: Այս շաբաթվա սկզբին վերստին գործադուլ էր:

«Լիոնցի ժողովրդի բնավորությունը փարիզցիներուն եւ մարսելցիներուն չի նմանվի: Տարբերությունն այն է,որ շուտ մարդամոտություն ցույց չի տա: Լիոնցին մինչեւ լավ չճանչնա անձը, հետը չի խոսի»,- ասում է Լիոնի Հայ առաքելական սուրբ Հակոբ Եկեղեցու սարկավագ Վազգեն Էսքիջյանը: Կիրակի օրերին սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցվում: Դրանց մասնակցողների մեծ մասը միմյանց հետ շփվում են ֆրանսերենով: «Եկեղեցին գլխավոր դերը կգրավի մեր գաղութների մեջ, մանավանդ Ֆրանսիային: Եկեղեցին ժողովուրդը համախմբելու միակ ուղին է: Ֆրանսիահայերի համար եկեղեցին այսօր հավատն է»,- նշում Վազգեն սարկավագը: Ըստ նրա՝ ազգապահպանման խնդիրը լուծելու համար էլ իրենք եկեղեցուն հարակից սրահներում կազմակերպում են տարբեր միջոցառումներ: Եկեղեցուց ոչ շատ հեռու գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա հայկական դպրոցը, որտեղ սովորում են 186 աշակերտներ ոչ միայն Լիոնից, այլեւ մերձակա քաղաքներից, օրինակ՝ Տեսինից: Այստեղ կա հայկական փողոց, Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան, Հայ մշակույթի տուն, որտեղ գործում է գրադարան, կազմակերպվում են հայերենի, ֆրանսերենի, նկարչության դասընթացներ: Իսկ երեկոյան ժամերին այստեղ հավաքվող հայ տղամարդկանց հիմնական զբաղմունքը նարդին է ու թղթախաղը: 1920-ական թվականներին Տեսինի բնակչության 70 տոկոսը հայեր են եղել: 1946թ հայրենադարձությունից հետո պատկերը փոխվել է:

Ռոն-Ալփ շրջանում, որի կազմում է նաեւ Լիոնը, մոտ 70000 հայեր են ապրում, որից 15000 հայերը Լիոնում: Ըստ տեղաբնակ հայերի՝ այս թիվը ստույգ չէ. նրանց թիվն ավելի մեծ է: Պարզվում է, որ Ֆրանսիայում կա երեւույթ, որի մասին բարձրաձայն չեն խոսում: Հայաստանից արտագաղթվածների մի մասը ներկայանում է իբրեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ադրբեջանցի: Ասում էին, որ նույնիսկ ավտովթարից մահացած մի հայ երիտասարդի գերեզմանաքարին գրվել է ադրբեջանցի, քանի որ այդպես է եղել փաստաթղթերով:

ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Ստրասբուրգ-Լիոն-Երեւան

Հ.Գ.

Երեքշաբթի ավստրիական չվերթով Երեւան թռչողներին Վիենայի օդանավակայանում զգուշացնում էին, որ հնարավոր է ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք չկատարի: «Հավանականությունը 50:50 է: Երեւանում մառախուղ է: Ինքնաթիռը կարող է իջնել կամ Թբիլիսիում, կամ ետ վերադառնա Վիեննա»,- ուղեւորներին վատ հայերենով զգուշացնում էր Նարեկ անունով մի ավստրիահայ: Բարեբախտաբար, Երեւանում թռիչքային եղանակ էր, սակայն երբ իջնում էիր ինքնաթիռից, թվում էր,որ ուրորէ կընկնես մի քանի սանտիմետրանոց սառույցի վրա: «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորներին անմիջապես «վրա տվեցին» մի քանի երիտասարդներ: «Կալյասկա պետք չի՞: 2500 դրամ, մեկ էլ՝ ինչ սիրտդ կցանկանա» ,- ասաց նրանցից մեկը: «Քարտ սերվիսի» արժեքը 400 դրամ է, իսկ մնացածը, ինչպես բացատրեց չեկ տվող աշխատակիցը. «Բանվորի փողն է»: Իսկ ոտքդ օդակայանից դեռ դուրս չհանած՝ վրա տվեցին տաքսու վարորդները: Հեռավորության համար, որի դեպքում սովորաբար պահանջում են 1500դրամ, պահանջում էին նվազագույնը 4000 դրամ: Ինչու՞այդքան շատ՝ հարցին՝ վարորդներից մեկը բացատրեց, թե օդակայանի տարածքում մեկ ժամ սպասելու համար իրենք վճարում են 400 դրամ: Հասկանալով, որ «կլինենտ» է կորցնում, վարորդը գտավ գումար վաստակելու այլ տարբերակ: Նա կանգնեցրեց օդանավակայանից դատարկ հեռացող մի տաքսի, խոսեց վարորդի հետ եւ տեղեկացրեց, որ 2500 դրամով մեքենան կտանի: Չսպասելով պատասխանի՝ բեռներն անմիջապես տեղափոխեց այդ մեքենան, եւ մինչ այն տեղից կպոկվեր՝ հնարամիտը հասցրեց վարորդից վերցնել իր բաժին 500 դրամը: