Դեպրեսիային նպաստում են ինֆորմացիոն մեծ հոսքերը. հոգեբան
Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Մեր երկրում գրանցված հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը մոտ 50.000 է: «Այն մարդիկ, ովքեր այս հիվանդությունն են ձեռք բերում, նրանց մոտ որոշակի փոփոխություններ են լինում մարդու մոտ, որոնց արդյունքում նա այլևս չի վերադառնում նախկին վիճակին: Կան հոգեբուժական հիվանդություններ, որոնք բուժվում են լիովին, բայց խրոնիկի դեպքում՝ ոչ: Եվ մարդն ամբողջ կյանքում պետք է դեղ օգտագործի, դա նորմալ է»,-նշեց ՀՀ հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը՝ հավելելով. դեղորայքի ընդունման ժամկետը, դրա փոփոխումը պետք է կատարվի բացառապես բժշկի ասածով, ոչ թե հարևանի: Այս բնագավառում նորություն կա. հոկտեմբերի 22-ին Սպիտակ քաղաքում կբացվի հոգեկան խանգարումներից բուժվածների համար առաջին խնամքի կենտրոնը։ Ծրագիրը պիլոտային է, և եթե հաջողություն ունենա, ևս 4 նմանատիպ կենտրոններ կբացվեն: Քանի որ պետության կողմից է իրականացվում, դեռևս անվճար է լինելու: ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ թեմայի շրջանակում անդրադարձավ ծերացման խնդրին: «Հայաստանում հիմա բնակչության 10 տոկոսն է վաթսունն անց, սակայն 10-15 տարի անց նրանց թիվը կկրկնապատկվի: Իսկ մեծահասակների մոտ առավել շատ են այս խնդիրները: Նշանակում է՝ մենք պետք է ավելի շատ աշխատենք, քանի որ հետո բավականին շատ են լինելու նման խնդիրներով անձինք»: Նա շեշտում է, որ մինչև այժմ ընդունված չէ հոգեբուժության մասին օրենքը: Սրա արդյունքում մի շարք խնդիրների առջև ենք կանգնում: «Ցանկացած մարդ կարող է իր տանը հոգեբանի կենտրոն բացել: Չկա լիցենզիայի կարիք և կամայական ձևով դա անում են: Երբեմն քիչ պատրաստված, նոր ավարտած մարդիկ են զբաղվում այս աշխատանքով, ինչը ոչ միայն դրական արդյունք չի կարող տալ, այլ կարող է վնասել»: Հասուն տարիքում հաճախ են հանդիպում նաև մտավոր խանգարումները. «Հատկապես տարածված է տղաների մոտ, մասնավորապես՝զորակոչային տարիքի: Մեծ տարածում ունի նաև կպչուն, սևեռուն մտքերի առկայությունը: Ի դեպ՝ դա մեծ տարածում ունի մեր երկրում և Իսրայելում: Հաջորդն էլ դեպրեսիան է: Հիմա դրան նպաստում են ինֆորմացիոն մեծ հոսքերը»,-շեշտեց պարոն Գասպարյանը: