«Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ». ինչպես է հեղինակը փարատել տառապանքը
Հայի փիլիսոփայական միտք, պոեզիա եւ ասեղնագործություն: Այս միահյուսումն է եղել «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» գրքի հիմքում, որի հեղինակ Արմինե Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր ստեղծագործությունը:
Նրա պատմելով՝ ասեղնագործ աշխատանքների հավաքածուն՝ համեմված հայ բանաստեղծների, ինչպես նաեւ՝ հենց իր ստեղծագործություններով, կազմվել է շուրջ քսանհինգ տարի եւ հրատարակվել միայն ինն ամիս առաջ. «Կարծես երեխայի սպասեի, ապրել եմ ստեղծագործական տանջանքներ: Ձեռագործ աշխատանքների ներկայացված նմուշները սկսվել են, երբ ես երիտասարդ տարիքում մեծ հարված ստացա՝ կորցնելով ամուսնուս: Չգիտեի՝ ինչպես փոխարինել տառապանքներս, որ դրանք լավ գործերի վերածվեին: Ես չեմ հասկանում՝ ինչպես կարող են մարդիկ չարն անել ու միայն գումարի մասին մտածել»:
Տիկին Հայրապետյանի խոսքերով՝ աշխատանքները ստեղծել է նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով ներշնչված ու արդյունքում՝ գիրքը ստացվել է գունազարդ, խոհափիլիսոփայական. «61-րդ էջում ներկայացրել եմ կյանքը՝ որն է նրա իմաստը»: Այդ էջում պատկերված է հարթակարով ասեղնագործած օձը՝ ոսկյա թագը գլխին: Պատկերը ներկայացված է հենց հեղինակի՝ «Տիրակալը» բանաստեղծությամբ, որում մասնավորապես նշված է. «Մարդը ֆիզիկապես որդի բաժին է դառնում, սակայն յուրաքանչյուր լավ ու վատ գործով հավերժանում է եւ սերունդների հիշողության մեջ մնում իբրեւ չար կամ բարի…»:
Գրքի հեղինակի վստահեցմամբ՝ փորձել է նորամուծություն մտցնել ձեռագործ աշխատանքներում. «Երբ ես ապրում էի գյուղում, այնտեղի կանայք զարդանախշերի նույն էսքիզն էին վերցնում միմյանցից՝ գորգեր գործելու համար: Ես փորձել եմ փոխել այդ ամենը՝ ստեղծագործելով ասեղով, հելունով, շյուղերով: Այս գրքում ամփոփված է իմ ամբողջ կյանքը»:
Ի դեպ, գիրքը չի վաճառվում, այլ միայն անվճար բաժանվում է անհատներին, գրադարաններին ու պատկերասրահներին: