Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական մարմինն՝ ընդդեմ թերթի (տեսանյութ)

Հասարակություն
mamul

Պետական գույքի կառավարման վարչությունը 1 մլն 5 հազար դրամ է պահանջում «Ժամանակի ՄԻՏՔ» թերթից։ Այսքան է, ըստ վարչության, տարածքի համար չվճարած վարձավճարը եւ հաշվարկված տուգանքները։ Գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանը հայցը համարում է անհիմն։ Մանավանդ որ պատահաբար է տեղեկացել այս հայցի մասին։ 2012 թվականին «Ժամանակի ՄԻՏՔ» թերթը հրատարակող «Մուրց» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Պետական գույքի կառավարման վարչության հետ՝ Արշակունյաց 2ա հասցեում աշխատասենյակ վարձակալելու նպատակով։ Հաջորդ տարվա մարտին՝ գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանը, Նահանգներ մեկնելուց առաջ, հանձնել է աշխատասենյակը: 3 տարի անց տեղեկացել է, որ 4 դատական գործ է հարուցված իր ընկերության դեմ՝ պարտավորությունները պատշաճ չկատարելու համար։ Առաջին գործով դատարանը որոշում է կայացրել հօգուտ հայցվորի՝ 313.000 դրամի պահանջ ներկայացնելով պատասխանողին։ Վճռի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունն արգելանք է դրել թերթի բանկային հաշիվների վրա, ինչի հետևանքով «Ժամանակի միտք» թերթն այժմ չի հրատարակվում։ «Սա ուղղակի պետության, իշխանությունների կողմից ճնշում է »,- ասում է Սիմոն Սարգսյանը։ Թերթի դեմ հարուցված երկրորդ հայցը լսվում էր Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որն այսօր ժամանակ տվեց պատասխանողին գրավոր ապացույցներ ներկայացնելու։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին։