Հայաստանում կենդանական աշխարհը վտանգված է. մասնագետ (տեսանյութ)
«Միայն 2015 թվականի ընթացքում 155 կենդանատեսակ է գրանցվել «Կարմիր գրքում»։ Հայաստանի կենդանական աշխարհը վտանգված է»,- ասում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդոէկոլոգիայի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ «Կարմիր գիրքը հրատարակվում է 10 տարին մեկ անգամ, սակայն Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ այն հրատարակելու կարիք է լինում ամեն տարի: «Կենդանիների անհետացման գլխավոր պատճառն այն է, որ մենք հաճախ ենք ներխուժում նրանց տարածք, որտեղ պետք է չլինեինք: Կան կենդանատեսակներ էլ, որոնք անհետացման եզրին են, դրանցից է հովազը»: Ըստ Խաչատրյանի՝ քայլեր՝ պահպանելու կենդանիներին, արվում են. «Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ստեղծվում են հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ մարդկանց մուտքը սահմանափակված է: Հուրախություն մեզ պետք է նշել, որ այդպիսի տարածքները վերջին տարիներին ընդլայնվում են»: Հասմիկ Խաչատրյանի պնդմամբ՝ Հայաստանում կենդանիներին սպառնացող ամենամեծ վտանգը հանքարդյունաբերությունն է, «որն ուղղակիորեն խժռում է բնությունը»: