Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր փաստաթուղթը ԵՄ-ի հետ շատ չի տարբերվի Վիլնյուսում չստորագրված պայմանագրից (տեսանյութ)

Քաղաքականություն
atgorc

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը 2.2 մլն եվրո գումար տրամադրեցին Հայաստանին՝ երկրում ընտրական գործընթացների բարելավմանը, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին, հայաստանյան բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը միտված ծրագրեր իրականացնելու համար։ «Հայաստանում մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, և արդեն 12 միլիոն եվրո գումար ենք տրամադրել բանտերում բարեկարգումներ անցկացնելու համար։ Կառուցել ենք տասնյակ քոլեջներ, ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն, ինչին զուգահեռ աշխատում ենք նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ շուրջ 5 տասնյակ կոալիցիաների ու պլատֆորմների ենք աջակցում»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանը։ Եվրոպական միությունը երկար տարիներ աջակցում է Հայաստանին՝ մարդու իրավունքների, արդարադատության, ժողովրդավարության ոլորտներում առաջընթաց ապահովելու համար, սակայն բազմաթիվ մասնագետների գնահատմամբ՝ սպասված արդյունքից մենք դեռևս հետ ենք մնում։ Ինչո՞ւ է առկա այսպիսի իրավիճակ. «Ա1+»-ի հարցին պատասխանում է Արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը. «Արդարադատության ոլորտում առաջընթացը նկատելի է, մի շարք ոլորտներում աշխատանքները դեռ շատ են, բայց նայելով եվրոպական երկրների պատմությունը՝ տասը կամ քսան տարի դեռ բավարար չէ, սակայն Հայաստանը մշտապես հաստատում է իր հանձնառությունը։ Եվրոպական միության մոտ էլ ցանկությունը նույնն է, շարունակել աշխատանքը Հայաստանի հետ ձեր կողմից նշված ոլորտներում»։ Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագիրը չստորագրած Հայաստանը պատրաստվում է ԵՄ հետ նոր փաստաթուղթ ստորագրել։ Արտգործնախարարության ներկայացուցչի տեղեկություններով՝ փաստաթղթի մշակման աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։ «Շուտով կմեկնարկի բանակցությունները նոր պայմանագրի շուրջ։ Գիտենք, որ համագործակցության և գործընկերության պայմանագիրը ԵՄ-ի հետ արդեն իսկ չի համապատասխանում մեր համագործակցության մակարդակին և կարիքներին։ Բանակցվող նոր պայմանագիրը ոչ միայն կարտացոլի ձեռք բերած հաջողությունները, այլև կուրվագծի նոր ոլորտներ։ Նոր բանակցությունները, կարծում եմ, կավարտվեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում»։ Ըստ նրա՝ նոր փաստաթուղթը Եվրամիության հետ շատ չի տարբերվի Վիլնյուսում չստորագրված պայմանագրից. «Լինելով Եվրասիական տնտեսական միությունում՝ արդեն իսկ սահմանափակվում են առևտրի բնագավառում համագործակցությունը, բնականաբար՝ այդ ոլորտում պետք է լինեն ավելի համադաշնակ մեր նոր պարտավորությունների հետ։ Ժողովրդավարություն, արդարադատություն, մարդու իրավունքներ՝ սրանց վերաբերող կետերը չեն փոխվելու։ Դա վկայությունն է, որ դա մեր առաջնային ոլորտներից է Եվրամիության հետ, եթե ոչ՝ առաջնայինը»։