Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվում Արոնյանը եւ Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մելքումյանը` պարտվեց

Սպորտ
sport-chess-baku

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/32 եզրափակիչ փուլի առաջին պարտիաները: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ խաղի սկզբում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն վերածել նյութական առավելության եւ 35-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց: Մեր մյուս գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն այսօր սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Իսկ ահա մրցաշարը վստահ սկսած Հրանտ Մելքումյանն անհաջող մեկնարկեց այս փուլում եւ առաջին պարտիայում սեւերով պարտվեց կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսին: 1/32 եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումները տեղի կունենան վաղը՝ սեպտեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ խաղարկությունն անցկացվում է «նոկաուտ» մրցակարգով: Մասնակիցները նախ անցկացնում են երկու դասական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում նրանք պայքարը շարունակում են թայմ-բրեյքում (նախ անցկացվում է արագ շախմատի երկու պատիա, ապա կայծակնային շախմատի 4 պարտիա, վերջում` «արմագեդոն»):