Մեր ըմբիշը օլիմպիական ուղեգիր նվաճեց
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը լիովին ձախողվեց Լաս Վեգասում՝ այս գիշեր ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Մեր յոթ ըմբիշներից միայն ծանր քաշային Լեւան Բերիամիձեն մեդալ նվաճելու հնարավորություն ստացավ, քանի որ նրան հաղթած թուրք մարզիկը հասավ եզրափակիչ եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Ավաղ, բրոնզե մեդալի համար անմիջական մրցամարտում Լեւան Բերիանիձեն բոլոր առումներով զիջեց ռուսաստանցի Բիլյալ Մախովին՝ 0:11: Նա բավարարվեց միայն Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ուղեգրով: Մյուս քաշային կարգի մեր մյուս ըմբիշները նախնական տարբեր փուլերում պարտվեցին այնպիսի մրցակիցների, որոնք չկարողացան հասնել եզրափակիչ եւ ինքնաբերաբար մերոնց դուրս թողեցին պայքարից: Այդպիսով, Լաս Վեգասում մեր ըմբիշներն ընդհանուր առմամբ մեկ մեդալ նվաճեցին: հայկական ըմբշամարտն այս առաջնությունում պարզերես արեց միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը 98 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը: