«Խնդիրը չի լուծվել, և ոչ ոք խոսք չի տվել, որ Բաղրամյանը չի կրկնվելու» (տեսանյութ)
Այս պահին ընթանում է «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման ավտոերթը՝ մեկնարկած Բրազիլիայի հրապարակից։ Եռագույնով զարդարված մեքենաները հասնելու են Բաղրամյան պողոտա, այնուհետ՝ Կոմիտաս։ Նրանց միջոցառմանը միացել է նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը։
Ակտիվիստներն արդյո՞ք ակնկալում են նոր ուժերի ներգրավում, շարժման անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց. «Կարծում եմ, որ միացողներ կլինեն, բայց եթե չլինեն, դա խոչընդոտ չի։ Պայքարին աջակցելու հայտարարություն ի սկզբանե արել են բազմաթիվ քաղաքական ուժեր։ Որևէ այլ հայտարարություն չի եղել։ Ակնկալում ենք, որ միասնականությունը, որ կար ի սկզբանե, կլինի նաև հետագայում»։
Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար հայտարարված մրցույթին մեկ ընկերություն է դիմել։ Այս կապակցությամբ ակտիվիստը նշեց. «Մենք աուդիտը մերժում ենք կտրականապես, քանի որ բազմաթիվ քայլեր ցույց տվեցին, որ դա ոչինչ չանող գործընթաց է։ Հենց այն, որ այդ ընկերությունն իրենց հետ սերտ կապ ունեցող ընկերություն է, դրանից հետևություն, որ իրենք կնկարեն այն թվերը, որ իրենց պետք է։ Աուդիտը մեզ համար փակված, չքննարկվող թեմա է»։
Պայքարի հետագա ծրագրերի մասին երիտասարդն առայժմ չմանրամասնեց։ Բայց նշեց, որ աջակիցները գնալով ավելանում են։ «Քաղաքներից մեկում փոքր ու միջին բիզնեսի տերերը որոշել են փակել իրենց խանութները և ակցիաներ սկսել»։ Խոչընդոտները նույնպես քիչ չեն. «ՓՄՁ-ներին պայմանագրեր են տանում, ստիպում, որ ստորագրեն»։
Ի դեպ, ոստիկանությունը հերքել էր, թե համակարգի աշխատակիցները գնում են ակտիվիստների բնակարաններ և անուղղակիորեն փորձում ճնշում գործադրել նրանց վրա «Չէինք էլ ակնկալում, որ այդ փաստը ոստիկանությունը կհաստատեր։ Մենք ինքներս ականատես ենք եղել նախաձեռնության անդամներից երկուսի տներ գնալուն։ Բնականաբար, չի խոսվում բուն ակցիայի մասին, բայց համար են փորձում ճշտել, հարցեր են տալիս։ Օրինակ՝ Միհրան Ավագյանի տուն էին գնացել բլանկով, որում ասվում էր, որ եկել են զգուշացնելու՝ դռներն ու պատուհանները փակ պահել, որպեսզի գողություն չլինի»։
Շարժման աջակիցներից է նաև Հիմնադիր խորհրդարանը, որի անդամ Վարդան Հակոբյանը նշեց. «Պայքարի ազդեցիկ մեթոդները նրանք են, որոնք կարողանում են անհանգստացնել իշխանություններին։ Արդեն պայքարի փորձ կա, երիտասարդները լուրջ հետևություններ են արել։ Ես գիտեմ, որ լինելու է մոբիլիզացում։
Խնդիրը չի լուծվել, և ոչ ոք խոսք չի տվել, որ Բաղրամյանը չի կրկնվելու։ Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Իշխանությունները չեն կարող հանգիստ լինել, հանգիստ կլինեն, երբ վերջնական կհայաթափեն հայրենիքն՝ իրենց ուզած մեխանիզմներով»։
Պայքարի երկու ձև կա. զինված և քաղաքացիական անհնազանդություն։ «Չտա Աստված, որ ժողովուրդը ստիպված ինքնապաշտպանվի։ Ես վախենում եմ, որ գա օրը, երբ ժողովուրդը զինվի՝ սեփական պետություն վերստեղծելու համար,-շեշտեց պարոն Հակոբյանը։