Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Սպորտ
artur

Այս գիշեր ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի պատվիրակները վաստակեցին մեկ, բայց ամենաբարձր որակի մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկ Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ ապացուցեց, որ առայժմ չունի իրեն արժանի մրցակիցներ: Նա 1/16 եզրափակիչ փուլից սկսած վստահ հաղթեց իր բոլոր ախոյաններին եւ մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց իրանցի Ղաշեմ Ռեզաիի հետ: Արթուր Ալեքսանյանը վճռական մարտում 3:0 հաշվով առավելության հասավ եւ գրավեց առաջին տեղը: Այդպիսով, մեր հաղթանդամ ըմբիշը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Այսօր մրցագորգ մտան նաեւ մեր եւս երկու մարզիկները: 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ հավասար պայքարում միայն պարտվեց կորեացի Հանսյու Ռյուին: Ավաղ, 3-րդ տեղի համար մրցամարտում նա զիջեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին եւ զրկվեց բրոնզե մեդալից: 2014 թ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալաքյանը 75 կգ քաշային կարգում անհաջող մեկնարկեց եւ արդեն առաջին փուլում 0:6 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին: Վերջինս հասավ եզրափակիչ, եւ մեր մարզիկն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Սփոփիչ մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը տարավ երկու հաղթանակ, սակայն երրորդ գոտեմարտում զիջեց ղազախստանցի Դոշան Կարտիկովին եւ դուրս մնաց պայքարից: Հավելենք, որ այս առաջնությունում մեդալներից բացի խաղարկվում են նաեւ 2016թ օլիմպիական խաղերի ուղեգրեր: Առաջին օրը հանդես եկած մեր ըմբիշներից նվաճեցին այդ իրավունքը 2 հոգի: