Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիացիները հույս ունեն Երեւանում շտկել սխալները

Սպորտ
futbol

Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հույս ունի, որ վաղը Երեւանում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպման ժամանակ իր թիմը չի կրկնի Ալբանիայի ընտրանու հետ խաղում թույլ տված սխալները: «Ալբանացիների դեմ խաղում չնայած բազում գոլային պահեր ստեղծեցինք, բայց այդպես էլ չհաջողվեց գոլ խփել: Երեւանյան խաղում կաշխատենք խուսափել նման վրիպումներից եւ իրացնել պահերը: Հայաստանի հավաքականը սեփական դաշտում դժվար թե Ալբանիայի նման խաղա եւ ողջ հանդիպման ժամանակ պաշտպանվի անբողջ թիմով: Մենք պետք է շատ ուշադիր լինենք խաղասկզբում, որպեսզի մրցակիցը արագ գոլ չխփի եւ հոգեբանական առավելություն չստանա» - այսօր «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում կայացած նախախաղային մամուլի ասուլիսում ասաց փորձառու դանիացի մասնագետը: Մորտեն Օլսենը արդեն դիտել եւ ուսումնասիրել է երկու օր առաջ Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպման տեսագրությունը: «Սերբիա - Հայաստան խաղում երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեին: Կողմերը որակյալ ֆուտբոլ ցուցադրեցին: Հայաստանը ճկուն թիմ է եւ կարողանում է տարբեր խաղաոճերով խաղալ: Ավանդույթի համաձայն հայերը տեխնիկապես հագեցած ֆուտբոլ են ցուցադրում» - նշեց դանիացիների ղեկավարը: Մեր թղթակցի այն հարցին, թե ինչն է պատճառը, որ նախկինում Դանիայի հավաքականը կարողանում էր գոլեր խփել ԽՍՀՄ-ի նման ուժեղ հավաքականին, իսկ այժմ չի հաջողվում անգամ մեկ անգամ գրավել Ալբանիայի կարգի թիմի դարպասը, դանիացիների նախկին կենտրոնական պաշտպանը կատակի տվեց. «Այն ժամանակ ես երեք գոլ խփեցի, եթե չեմ սխալվում»: