Երեխային թույլ չեն տվել գնալ ճամբար՝ պատճառաբանելով, որ հաշմանդամ է (տեսանյութ)
Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8000 երեխա և ավելի քան 27000 երիտասարդ։ Ամառային հանգիստը շատ դեպքերում նրանց չի վերաբերվում։ Այս մասին իր մտահոգությունն է հայտնում «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը։ «Այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հանգստի որևէ ներառական ճամբար չի գործում։ Երբ մենք պետական գերատեսչություններին հայտնում ենք մեր մտահոգությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ այդպիսի խնդիր չունեցող անձանց հետ հանգստի որևէ տարածք չունեն, նրանք մեզ հանգստացնում են, որ կկառուցեն հաշմանդամների համար նախատեսված ճամբար»։ Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ բացակայում են ներառական ճամբարները։ Սերյոժա Օհանջանյանը մտաբերում է մի պատմություն, երբ դպրոցներից մեկում երեխային թույլ չէին տվել մեկնել քաղաքապետարանի միջոցներով կազմակերպվող հանգստի՝ պատճառաբանելով, որ նա հաշմանդամություն ունի. «Մենք բարձրաձայնեցինք այդ խնդիրը և հաջորդ հավաքի ընթացքում նա արդեն կգնա հանգստանալու, այսպիսի դեպքերում ուղղակիորեն ցուցաբերվում է սխալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ»։ Հաշմանդամությոան խնդիրն ունեցող անձանց համար շարունակում է նաև խնդրահարույց մնալ մուտք դեպի ԲՈՒՀ-երի տարածք, ինչպես նաև ավտոբուսներ, պետական որոշ հիմնարկներ և այլն։ «Երևանում գործում է 10 ավտոբուս, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար։ Դեռևս սպասվում է, որ 10 ավտոբուս ևս կհարմարեցվի, սակայն այս հարցը հետաձգված է անորոշ ժամանակով»,- նշում է պարոն Օհանջանյանը։