ՌԴ-ի դեմ լինելն ամենապերճախոս ինքնախոստովանական ցուցմունքն է (տեսանյութ)
Նիդերլանդները դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` ստեղծելու միջազգային տրիբունալ` քննելու մեկ տարի առաջ՝ հուլիսի 17-ին Դոնեցկում կործանված մալազիական ավիաուղիներին պատկանող «Բոինգ-777» մարդատար ինքնաթիռի գործը: Մալազիան ավելի վաղ շրջանառության մեջ էր դրել տրիբունալ ստեղծելու բանաձեւը: Ինքնաթիռը Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր: 298 ուղեւորներն ու անձնակազմը զոհվել են: Ի տարբերություն Ուկրաինայի, ՌԴ-ն դեմ է տրիբունալի ստեղծմանը։ «ՌԴ-ի` դեմ լինելը դրան` ամենապերճախոս ինքնախոստովանական ցուցմունքն է այս ամեն ինչին»,- ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Քանի որ մեկ տարին է լրանում ու թեման տեղեկատվական օրակարգում է, հիմնական շահագրգիռ երկրները` Նիդերլանդներն ու Մալազիան, փորձում են հարցը տեղափոխել այլ հարթություն, մասնավորապես` տրիբունալ», նշում է քաղաքագետ Արմեն Մինասյանը: Ինքնաթիռի կործանման ժամանակ Դոնեցկում պատերազմական ակտիվ գործողություններ էին: Միջազգային ավիացիոն հանձնաժողովի կողմից հետաքննություն է անցկացվել, արդյունքները կամփոփվեն աշնանը. «Ռուսական կողմը դիտարկում է, որ սա եւս մեկ առիթ է, որ իրեն անկյուն մղեն, մեկուսացնեն, քանի որ արդեն իսկ կա տրիբունալի գաղափար: Որոշ երկրներ միացել են, հասկանալի է, որ արեւմտյան կոալիցիան հակառուսական է տրամադրված, եւս կմիանան գաղափարին»,- նկատել է տալիս Արմեն Մինասյանը։ Ըստ նրա` ամենեւին պատադիր չէ, որ տրիբունալը լինի հակառուսական. այստեղ զուտ քաղաքական մարտավարական խաղ է. «Եթե տրիբունալում հնչեն հարցեր, պատասխանատվության մեծ բաժինը բոլոր դեպքերում Ուկրաինան է կրելու. բոինգը խոցվել է Ուկրաինայի օդային տարածքում եւ այնտեղ, որտեղ հակամարտություն է: Ուկրիանայի ավիացիոն ուժերի պատասխանատվությունն էր, որ ստեղծեին թռիչքազերծ գոտի»: «Այն, որ կիրառվել է «ԲՈՒԿ» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգ, որ կիրառել են պրոռուսական անջատողականները Դոմբասում, եւ այդ զինատեսակը նրանց մոտ կարող էր հայտնվել միմիայն, եթե դա մատակարարեր ՌԴ-ն»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը: Արդյոք միջազգային տրիբունալի գաղափարը եւս մեկ առիթ կհանդիսանա` սրելու ռուս-ուկրաինական հարաբերությունները, ընդհուպ մինչեւ ռազմական գործողություններ. «Շատ ենք լսել, որ ՌԴ-ին «Իսլամական պետությանը» եւ էբոլա ինֆեկցիան դնում են նույն նախադասության մեջ` որպես միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներ»,- նշում է Ռուբեն Մեհրաբյանը: «Եթե ռազմական գործողությունները թեժացնելու անհրաժեշտություն լինի, որեւէ մեկը չի նայի բոինգի թեմա կա, թե ոչ, դրա առիթը միշտ էլ կգտնեն»,- համոզված է Արմեն Մինասյանը : Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նաեւ չբացառեց, որ ՌԴ-ն ՄԱԿ-ում կփորձի օգտվել իր վետտոյի իրավունքից, բայց հաջողության քիչ հնարավորություններ ունի: