ՀԱՖ-ը լրացուցիչ տեղեր է պահանջում Թբիլիսիից
Եվրոպայի երիտասարդական օլիմպիական առաջիկա տոնահանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 1-ը, Թբիլիսիում, Հայաստանից կմասնակցեն սահմանափակ քանակությամբ աթլետներ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից: Նման որոշում կայացրել է խաղերի կազմկոմիտեն: Ինչպես տեղեկացրեց ՀԱՖ-ի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, իրենք լրացուցիչ տեղեր են պահանջել տոնահանդեսի կազմակերպիչներից: Եթե մեր ֆեդերացիայի դիմումը չբավարարվի, ապա մենք Թբիլիսի կգործուղենք առավելագույնը չորս աթլետ: Համեմատության համար նշենք, որ Բուլղարիան այդ խաղերում կներկայանա նվազագույնը 10 աթլետով: Ըստ նախնական տվյալների, թբիլիսյան ստուգատեսին նախապատրաստվում են արագավազորդուհի Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Աբրահամյանը եւ Ռաֆայել Շտայանը, խոչընդոտավազորդուհի Էլլադա Ալավերդյանը: