«Ուլիսի» 10 ֆուտբոլիստ տեղափոխվեց Արմավիր
Եվրոպայի լիգայում պարտություն կրելուց հետո Երեւանի «Ուլիսի» ղեկավարությունն արմատական փոփոխություններ է կատարել թիմի կազմում: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի 10 ֆուտբոլիստներ՝ Իրակլի Չեժիան, Իրակլի Գեփերիձեն, Լեւան Ջարկավան, Իվան Մամախանովը, Զամիր Ջանաշիան, Ռադե Դուգալիչը, Կոնստանտին Մորոզովը, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Խուրցիձեն եւ Նիկա Պիլիեւը, երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը եւ տեղափոխվել Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող Արմավիրի «Տորպեդո»: «Բիրկիրկարայի» հետ խաղից հետո «Ուլիսից» հեռացել են նաեւ կարճաժամկետ պայմանագիր ստորագրած Ժոել Չիբամբան ու Իգոր Պադերինը: Ակումբի ղեկավարությունը ներկայումս ակտիվ սելեկցիոն աշխատանք է տանում՝ թիմը նոր խաղացողներով համալրելու համար: Դա նշանակում է, որ գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին եւ նրա օգնականներին երկրորդ տարին անընդմեջ սպասվում է նոր թիմ ստեղծելու դժվարին գործընթաց: