Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աուդիտի մասին հայտարարությունն արժանահավատ չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
stepan-safaryan

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման շարժումն այժմ գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Քաղաքագետը նկատում է , որ բուն շարժման ներսում կան տարաձայնություններ, ինչի արդյունքում էլ ոմանք տեղափոխվեցին Ազատության հրապարակ, ոմանք էլ շարունակեցին մնալ Բաղրամյան պողոտայում։ «Ազատության հրապարակում եղածները կարծում են, որ սա ճիշտ որոշում է, քանի որ Բաղրամյան պողոտան վաղ թե ուշ պետք էր ազատել, իսկ մյուս կողմը համոզված է, որ պայքարելու գրավականը հենց Բաղրամյան պողոտան է, ուստի այնտեղից դուրս գալ չի կարելի, պետք է շարունակել ճնշումը։ Ազատության հրապարակ տեղափոխվածները հասկանում են, որ Բաղրամյան պողոտայում անընդմեջ մնալու ռեսուրս իրենք չունեն՝ երիտասարդները հոգնել են, հյուծվել։ Շատերը միայն մեծ-մեծ խոսում են, թե մնանք, եթե ուժ կիրառեն, մենք էլ իրենց կպատասխանենք, բայց նույնիսկ հունիսի 23-ին տեսանք, որ միայն մի խումբը զոհ գնաց այդ ամեն ինչին, մնացածը՝ նստած թամաշա էին անում»,-նշում է պարոն Սաֆարյանը։ Վերջինս անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարած աուդիտին, շեշտեց, որ անձամբ իր համար դա արժանահավատ հայտարարություն չէ, սակայն, միևնույն ժամանակ հավելեց, որ դա իշխանությունների կողմից կես քայլ նահանջ էր։ «Իշխանությունները ևս ունեն դժգոհություններ «Ինտեր ՌԱՕ»-ից, հետևաբար կարող ենք ասել, որ այս շարժումն ու մարդկանց դժգոհությունը նրանց օգնեց արտահայտելու դա»,-ասաց նա։ «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը շարժման մասնակիցների միջև նաև պառակտում մտցնելո՞ւ նպատակ էր հետապնդում, պարոն Սաֆարյանը ի պատասխան շեշտեց. «Սերժ Սարգսյանի տեքստը շատ պուպուշ էր, նա կես ժամ խոսում էր լրագրողների մասին, ակտիվիստների մասին և այլն , և այլն ։ Չես կարող հաստատապես ասել, գուցեև այդպիսի խնդիր էլ էր դրված»։ Մեր հաջորդ հարցին, թե նման պարագայում հունիսի 23-ի սցենարի կրկնությունը հավանական համարում եք արդյո՞ք, բանախոսը նշեց. «Ակնհայտ է, որ տարանջատում կա շարժման ներսում, ինչը ձեռնտու է իշխանությունների համար , այսինքն կարծում եմ, որ ուժի կամ բռնությունների կիրառման կարիք այլևս չկա։ Շարժումը, փաստացի, փոխեց իր մարտավարությունը, ինչը ոչ սխալ և ոչ էլ իդեալական որոշում կարող եմ համարել»։