Լեւոն Արոնյանը պարտվեց նաեւ վերջին տուրում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը չկարողացավ միավոր վաստակել Ստավանգերի շախմատի գերմրցաշարի ավարտական պարտիայում: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Լեւոն Արոնյանը անվստահ անցկացրեց սկզբնախաղը, հարվածի տակ թողեց թագուհուն: Արդյունքում՝ սեւերը որակ շահեցին, որն աստիճանաբար վերածեցին նյութական առավելության: Մեր շախմատիստը փորձեց շտկել իրավիճակը, սակայն՝ ապարդյուն: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարի եզրագծում: Նա 3,5 միավորով ետ մնաց մրցաշարի հաղթող Վեսելին Տոպալովից, 3-ով՝ Վիշվանաթան Անանդից ու Հիկարու Նակամուրայից, 2,5-ով՝ Անիշ Գիրիից: Լեւոն Արոնյանը զբաղեցրեց նախավերջին 9-րդ տեղը այն պատճառով, որ երեք միավոր վաստակած նորվեգացի գրոսմայստեր Ջոն Լոյւդվիգ Համերը միայն լրացուցիչ գործակիցներով ետ մնաց: