Արոնյանը Կառլսենից ավելի լուրջ սխալվեց
Լեւոն Արոնյանը հերթական պարտությունը կրեց նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատի գերմրցաշարում: Այսօր նախատեսված 8-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Պարտիայի սկիզբն անցավ հավասար պայքարում եւ թվում էր, որ այն կավարտվի ոչ-ոքի: Սակայն նորվեգացի գրոսմայստերն իրեն հատուկ ոճով միջնամասում սկսեց սրել իրավիճակը: Լեւոն Արոնյանն մի պահ հայտնվեց դժվարին կացության մեջ, սակայն հետո հակախաղ գտավ եւ մրցակցին նույնիսկ ստիպեց սխալվել: Ավաղ, նա իր հերթին ավելի լուրջ զեղում թույլ տվեց, եւ Մագնուս Կառլսենն վարպետորեն օգտվեց այդ սայթաքումից ու շուտով հաղթանակի հասավ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ իր զբաղեցրած 6-րդ հորիզոնականը զիջեց հենց աշխարհի չեմպիոնին: Վաղը նախատեսված վերջին տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը 5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: