Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այստեղ էլ եք ֆռռացնելու, կոչ եմ անում անկեղծ լինել»

Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ-ն արտահերթ նիստում «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հետաքրքրում էր՝ ո՞վ է այս նախագծի իրական հեղինակը, ո՞ր նախարարությունից է եկել նախագիծը. «Եթե այստեղ էլ եք ֆռռացնելու բառերով, կոչ եմ անում անկեղծ լինել, որ կա ֆինանսական ծանր պրոբլեմ: Չի կարելի ազնիվ չլինել ու ամբողջ այս շենքին ինչ-որ այլ բաներ ասել. ինչի մենք չգիտե՞նք, որ պարտքն ավելացնելու համար է այս նախագիծը: Մեր նկատմամբ հարգանք ունեցեք, պարոն Ջանջուղազյան»: Պարոն Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ իրեն միշտ հետաքրքրել է ՀՆԱ-մարդ հարաբերակցությունը. «Տասնհինգ տարվա մեջ տասներեք տոկոսից վաթսուն տոկոսի ենք հասցնում պետական պարտքը, չեք հասկանում, որ մարողունակությունը նվազում է: Եթե չունենանք այն մարդուն ու աշխատատեղը, որը պիտի աշխատի, սոցիալական մուծումներ անի, վարկ վերցնի, մարի, ինչպե՞ս եք պետական պարտք սպասարկելու»: Պատգամավորին հետաքրքրում էր նաեւ՝ արդյոք ՀՀ կառավարությունը, նման նախագիծ ԱԺ բերելով, ունի՞ ԱՄՀ կամ ՀԲ գրավոր եզրակացությունը. «Կներեք հարցերիս առատության համար, սակայն ինձ հետաքրքրում է նաեւ, այդ հարցն էլի եմ տվել, որն է համարվում պետական պարտք՝ քյաշ փո՞ղը, որ բանկային հաշվին նստած է, պարտք վերցնելու պայմանագիր կնքե՞լը: Կա՞ն պայմանավորվածությունները, որոնք ներառված են առկա 4.7 մլրդ դոլար պետական պարտքի մեջ»: ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ իրեն զարմացնում է այն հարցը, թե ով է նախագծի հեղինակը. «Տրամաբանական պատասխան ունի այդ հարցը՝ Ֆինանսների նախարարությունն է հեղինակը: Տարօրինակ կլիներ, եթե այլ մարմին լիներ: Իսկ ձեր նախատինք ասեմ, թե հանդիմանանքը, թե մենք փորձում ենք ֆռռացնել, ինձ զարմացնում է, քանի որ իմ ամբողջ զեկույցը կառուցեցի այնպես, որ հստակ լինի նախագծի նպատակը: Այլ նպատակ, քան այն, ինչ ներկայացվեց, չկա: Եթե ուզենայինք պարտք ներգրավել, այլ նախագծով հանդես կգայինք: Ընդամենը օրենքում դրված է պետական պարտք ու հետո գրված է գործողություն, որ վերաբերում է  կառավարությանը: Մենք դա ենք հստակեցրել, որ Կենտրոնական բանկն ու կառավարությունն այլեւս իրարից անկախ չեն վերցնելու պետական պարտք»: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներից գրավոր կարծիք ստանալուն, ապա պարոն Ջանջուղազյանը նշեց, որ մենք փոփոխություններ անելու որեւէ նախաձեռնություն անելու դեպքում պարտավոր չենք ստանալու նրանց թույլտվությունը. «Իհարկե, քննարկել ենք նրանց հետ, ու այդ քննարկման արդյունքն է, որ եկել ենք ԱԺ՝ ներկայացնելու այս փոփոխությունները»: Արամ Մանուկյանը նկատեց, որ միայն այս վերջին երկու ամսվա ընթացքում ԱԺ-ն քննարկել է վարկային բազմաթիվ պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում են 650 մլն դոլար. «Ինչպես հասկացա ձեր խոսքից՝ այդ գումարները դեռ չեն ձեւակերպված պետական պարտքի բեռի մեջ: Դա ես որպես ի գիտություն եմ ընդունում»: Պարոն Ջանջուղազյանը հայտարարեց, որ Արամ Մանուկյանը միայն թվերը գումարելով արդյունքի չի հասնի, քանի որ պարտք վերցնելուց բացի, անում են նաեւ պարտքի մարումներ. «Մենք սովորաբար դոլարով ենք արտահայտում մեր ամբողջ պարտքը, սակայն կա նաեւ դրամով արտահայտված պարտք՝ մեր ներքին շուկայում արժեթղթերի տեսքով, ու նաեւ այլ արտարժույթներով էլ ունենք՝ եվրո, ճապոնական իեն: Այս բոլոր արտարժույթի կուրսի փոփոխությունը եւս ազդում է պարտքի վրա»: Ի դեպ, պետական պարտքի մասին քննարկումներն անցկացվում են կիսադատարկ դահլիճում: