Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի մարզում բերքահավաք է. գյուղնախարարը հետևել է

Տնտեսություն
unnamed66

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է  Արմավիրի մարզ,  որտեղ Եղեգնուտ, Վարդանաշեն, Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի աշխատանքներին: Այցի ընթացքում նախարարը հավաստիացել է` բոլոր նշված համայնքներում բերքահավաքի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, գյուղացիները գոհ են, տարին բերքառատ է, խնդիրներ այստեղ գրեթե չեն եղել: Եղեգնուտցի ֆերմեր Սերյոժա Կարապետյանը, ով այս տարի իր տնտեսությունում 15 հեկտար տարածքի վրա սմբուկի և ևս 2 հեկտարի վրա ձմերուկի մշակություն է իրականացրել, արդեն սմբուկի առաջին բերքը հավաքել է. ծավալներից ու որակից գոհ է, եղանակային պայմանները բարենպաստ են, ոռոգումը կազմակերպվել է պատշաճ մակարդակով: Ֆերմերը հատկապես ձմերուկի բարձր բերք է ակնկալում, որի բերքահավաքը կսկսվի արդեն մի քանի օրից: unnamed8   unnamed7   unnamed10 Վարդանաշեն համայնքում նախարարը եղել է տեղի ջերմոցային տնտեսություններից մեկում, որտեղ  այս տարի շուրջ 1000 քմ տարածքի վրա բանջարեղեն է աճեցվել` լոլիկ, վարունգ և պղպեղ: Արտադրանքը հիմնականում իրացվում է տեղական շուկայում: Մարզի Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում էլ կեռասի և ծիրանի բերքահավաքի եռուզեռ էր: Այստեղ նույնպես բերքը գյուղացիներին գոհացնում է. պտղի ապրանքային տեսքը լավն է, ինչը թույլ է տալիս մեծածավալ արտահանումներ իրականացնել: «Արմավիրի մարզում  այս տարի պտուղ-բանջարեղենի և հատկապես խաղողի բարձր բերք  սպասվում, գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են ինչպես հարկն է, տարին բարենպաստ է, և 2015 թվականի վերջում մենք բոլոր առումներով շատ լավ ցուցանիշներ ենք ակնկալում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Նախարարի խոսքով` այս տարի ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ  բարձր բերքատվություն է սպասվում, իրացման առումով խնդիրներ չկան, արդեն իսկ  արտահանվել է շուրջ 600 տոննա ծիրան`  2014  թվականի ամբողջ տարվա 40 տոննայի դիմաց, շուրջ 800 տոննա կեռաս` 2014 թվականի 370 տոննայի դիմաց, 850 տոննա լոլիկ`անցած տարվա 220 տոննայի դիմաց  և  2220 տոննա վարունգ`անցած տարվա 415 տոննայի դիմաց: Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարվա վերջ արտահանումների ծավալները կտրուկ ավելանալու են,  այս տարի ընդհանուր առմամբ արդեն իսկ արտահանվել է շուրջ 24 600 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը անցյալ տարվա համեմատությամբ շուրջ 1000 տոննայով ավել է: Նախարարի հավաստմամբ` մթերումների հետ կապված խնդիրներ նույնպես չեն լինի, մասսայական բերքահավաքից հետո  վերամշակող ընկերությունները կսկսեն նաև մթերումների կազմակերպումը:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին