Նոր թանկացումներ. «Ձնագնդիի նման գնում ենք. ԵՏՄ-մետմ չկա»
«Ակցիզային հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկմանը ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն դեմ արտահայտվեցին այս նախագծին: Նախագծով թանկանում են ծխախոտի, օղու, բենզինի, դիզելային վառելիքի ակցիզային հարկերը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս օրենքներում պետք է դնել հոգի ու օրենսդրությունը մարդակենտրոն դարձնել. «Սա փոթորիկ է մի բաժակ ջրում, այլ ոչ թե անապատում»: ՀՀԿ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդես եկավ սուր ելույթով: Նա հայտարարեց, որ նման նախագծերի ընդունումն անընդունելի է. «Ես գիտեմ, թե ինչպես են քննարկումները լինում վարչապետի մոտ ու հետո նախագծերը բերում այստեղ: Դեռ էլեկտրաէներգիան չթանկացած ու աղքատության մակարդակը փոխանակ չթողնենք, որ բարձրանա, հիմի էլ բերում ենք սոցիալական ամենանեղ շերտի համար գների բարձրացման այս նախագիծը: Պետք է հարկերը հավաքել ու այն ծախսել աղքատ խավին այդ վիճակից հանելու համար: Հիմա էլեկտրաէներգիան կմտնի ուժի մեջ, հետո սա, իսկ մյուս տարի աշնանը ուժի մեջ կմտնի մի ուրիշ բան, ձնագնդիի նման գնում ենք: ԵՏՄ-մետմ չկա, ամեն երկիր իր գինն ու իր ստրատեգիան ունի: Այս օրենքին դեմ չքվեարկելու համար լուրջ փոփոխություններ պետք է կառավարությունն անի»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր ելույթում հայտարարեց, որ բյուջեն գերնպատակ չէ եւ պետք չէ քաղաքացուն ցնցումների տանելով՝ բյուջե լցնել. «Մեզ համար կան կարեւորագույն ծախսերը, սակայն չպետք է վախենալ բյուջեի թերակատարումից, այդ զազոռը պետք է տանք: Մի պատճառաբանեք, թե դոլարի կուրսով է պայմանավորված այդ թանկացումը: Մեր բոլոր հարեւան երկրներում 60 տոկոս է բարձրացել կուրսը, իսկ մեզ մոտ՝ 17 տոկոս: Այվազյան Վարդանի առաջարկ սա համարեք՝ այս նախագիծը ստացել ենք հունիսի տասներկուսի լսումների առավոտյան, առաջարկում եմ՝ նախագծի հիմնավորման մասով ընդունեք, սակայն առաջարկությունների մասով քննարկենք: Իմ հարգելի գործընկերներ, այսօր ոչ ստանդարտ լուծումների ժամանակահատվածն է, ամբողջ աշխարհում հիմա ճգնաժամի հաջորդ փուլն է»: