Երեւանն իր օգնությունն է առաջարկել Թբիլիսիի կենդանաբանական այգուն
Երևանը, որպես քույր քաղաք, իր օգնությունն է առաջարկել Թբիլիսիին։ «Արդեն Թբիլիսիում են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները, ովքեր կօգնեն իրենց վրացի գործընկերներին։ Երևանի քաղաքապետարանը իր պատրաստակամությունն է հայտնել վրացի գործընկերներին` ապաստան տրամադրել Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին»,-Ա1+-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը։ Ըստ նրա՝ նորմալ վիճակում է նաև Երևանից տարված Թբիլիսիի կենդանաբանական այգում գտնվող փղիկը։ Հիշեցնենք, որ Վրաստանում տեղացած հորդառատ անձրևների պատճառով մեծ վնասներ է կրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։ Գազանանոցից փախել են մեծ թվով կենդանիներ, որոնց մի մասը ոչնչացվել է։ Ըստ ՏԿԱԻՆ-ի՝ հունիսի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ Թբիլիսիում կա 12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած: Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով՝ զոհվել են նաև Վրաստանի քաղաքացի հանդիսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա քույրերը։ Այսօր Վրաստանում հայտարարված է սգո օր։