Կարմիր խաչում մեկնարկեց 13-րդ մարզական փառատոնը (տեսանյութ)
Երեւանի Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում այսօր մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց 13-րդ մարզական փառատոնը, որին մասնակցում են Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի 120 մարզիկ-մարզուհիներ: Նրանք երեք օրվա մեջ իրենց ուժերը կփորձեն 8 մարզաձեւերում` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ, թենիս եւ շոու դաուն: Միաժամանակ, հունիսի 10-ի երեկոյան, նրանց համար կկազմակերպվի «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ: Ինչպես նշեց Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեին նախագահ Հակոբ Աբրահամյանը, սույն մարզական փառատոնը տարեցտարի ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերում հանրապետությունում, սակայն ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս ավելի ընդլայնել այն: «Ցանկացողները շատ են, սակայն մեր բյուջեն թույլ չի տալիս ավելի շատ մարդ ընդգրկել այս փառատոնին: Խնդիր է նաեւ այն, որ մեր մարզադահլիճներն ու մարզադպրոցները հարմարեցված չեն հաշմանդամ մարդկանց համար, եւ նրանք զրկված են սիստեմատիկ մարզվելու հնարավորությունից» - ասաց պարոն Աբրահամյանը: