«Քաղաքացիական պայմանագիրը» գիժ չի, որ միանա ուրիշ կուսակցությունների (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ կուսակցության առաջնահերթ խնդիրն է երկրում ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը. կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի խոսքերով՝ իրենք առայժմ չեն պատրաստվում իշխանափոխության մասին ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ՝ դրա համար անհրաժեշտ է որպես կուսակցություն հզորանալ և ժողովրդի հավատն ու վստահությունը շահել։ «Ժամանակը ցույց կտա, թե մենք ինչ կարող ենք անել, ինչ հնարավորություններ ունենք, կձևավորվենք ու ժամանակի ընթացքում մեր արած գործերով կերևա, թե մեր կուսակցությունը ինչ մարտավարություն է որդեգրել»,-նշեց Սասուն Միքայելյանը։ «Ա1+»-ի հարցին, թե ինչ դիրքորոշում է որդեգրել կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հարցում, Սասուն Միքայելյանը շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումները իշխանությունների կողմից կազմակերպված շոու է, և իրենք չեն պատրաստվում մասնակից լինել դրան։ Իրենց կուսակցության մասին շրջանառվող այն լուրերին էլ, որ սպասարկում են իշխանությունների շահերը, պարոն Միքայելյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով. «Ես չեմ եկել այստեղ քննություն տալու, թե ով ինչ է խոսում, կամ ինչ հայտարարություններ են անում մեր մասին, մենք եկել ենք, որպեսզի գործ անենք»։ Էլեկտրաէներգիայի թանկացմանն անդրադառնալով՝ Սասուն Միքայելյանը առանց մանրամասնելու միայն նշեց, որ իրենք ևս պատրաստվում են բողոքել դրա դեմ, միացել են հասարակական ընդվզմանը և կոնկրետ գործողություններ են ձեռնարկելու դրա դեմ։ Լրագրողների այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միանա մյուս կուսակցությունների հետ, բանախոսը շեշտեց. «Մենք հո գիժ չենք։ Էդ մյուսները, որ ժամանակի ընթացքում միացել են սրա-նրա հետ, հետո բաժանվել են, դրանից ինչ օգուտ։ Թողեք ամեն մեկս մեր գործը անեք»։ Մանրամասները՝ տեսանյութում։