Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Բաքվի աջակցությունից (տեսանյութ)
«Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է Բաքվի Եվրոպական առաջին խաղերի կազմկոմիտեի ֆինանսական աջակցությունից եւ բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք առաջացել են այս ընթացքում, կատարել է ՀԱՕԿ-ի նախագահը», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանն այդ խաղերում հանդես է գալու 25 մարզիկ-մարզուհիով (տես ստորեւ ներկայացվող ցուցակը), որոնք հանդես կգան 6 մարզաձեւերում: Մեր առաջին պատվիրակությունը Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ մեկնելու է հունիսի 10-ին: Հայաստանը մասնակցելու է բացման արարողությանը, բայց դեռ պարզ չէ՝ քանի հոգով: Խաղերում ոսկե մեդալ նվաճող հայ մարզիկը ՀԱՕԿ-ի կողմից կպարգեւատրվի 50 հազար դոլարով, արծաթե մեդալակիրը` 30 հազարով, բրոնզե մեդալակիրը` 20 հազարով: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ մեր պատվիրակների անվտանգության հարցերը լիովին լուծված են, առայժմ մտահոգության կարիք չկա: Սակայն նա միաժամանակ խոստովանեց, որ ոչ մի հայի համար ներկայումս ցանկալի չէ մեկնել Բաքու, ուստի բոլոր նրանք, ովքեր համաձայնել են գնալ այդ քայլին, արդեն իսկ հերոսներ են: Ի դեպ, այդ հերոսների մեջ չեն հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Նրանց բացակայության մասին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց: Մեր այն հարցին, թե ՀԱՕԿ-ը որքան գումար է ծախսելու այդ խաղերին պատրաստվելու եւ մասնակցելու համար, Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Դա կոմերցիալ գաղտնիք է: Համենայնդեպս, շատ մեծ գումար է, որը գերազանցում է մեր սպորտային ֆեդերացիաներից մի քանիսի բյուջեն միասին վերցրած»: Վերջում Հրաչյա Ռոստոմյանը հավելեց, որ Եվրոպական խաղերը լուսաբանելու ցանկություն է հայտնել միայն մեկ լրագրող: Եվրոպական 1-ին խաղերին հայտավորված Հայաստանի մարզիկների ցանկը. Արման Երեմյան` թեքվանդո Հրաչիկ Բաբայան` հրաձգություն Տիգրան Կիրակոսյան` սամբո Աշոտ Դանիելյան` սամբո Սոսե Բալասանյան` սամբո Հովհաննես Դավթյան` ձյուդո Դավիթ Նիկողոսյան` ձյուդո Ժաննա Ստանկևիչ` ձյուդո Արտյոմ Ալեքսանյան` բռնցքամարտ Նարեկ Աբգարյան` բռնցքամարտ Արամ Ավագյան` բռնցքամարտ Սամվել Բարսեղյան` բռնցքամարտ Հովհաննես Բաչկով` բռնցքամարտ Նիկոլ Արությունով` բռնցքամարտ Գարիկ Բարսեղյան` ազատ ըմբշամարտ Դևիդ Սաֆարյան` ազատ ըմբշամարտ Մուսա Մուրթազալիև` ազատ ըմբշամարտ Լևան Բերիանիձե` ազատ ըմբշամարտ Գրիգոր Գրիգորյան` ազատ ըմբշամարտ Վոլոդյա Ֆրանգուլյան` ազատ ըմբշամարտ Ռոման Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտ Կարապետ Չալյան` հունահռոմեական ըմբշամարտ Մաքսիմ Մանուկյան` հունահռոմեական ըմբշամարտ Միհրան Հարությունյան` հունահռոմեական ըմբշամարտ