Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեշտացվել են ընդունելության քննությունները. պատճառը դիմորդների սակավությունն է

Կարևոր լուրեր Հասարակություն
e094e2d86430037791f7689fe846f6f8

ԵՊՀ-ի որոշ մասնագիտությունների գծով այս տարի հեշտացել են ընդունելության քննությունները: Պատճառը դիմորդների սակավությունն է: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը այսօր ներկայացրեց այդ դյուրացումները. Կենսաբանություն մասնագիտությամբ սովորելու համար դիմորդները պետք է միասնական քննություն հանձնեն միայն կենսաբանությունից, իսկ քիմիան ու ֆիզիկան կարող են դպրոցից բերել: Իսկ ռոմանագերմանական ֆակուլտետի ռուսաց լեզվի բաժնում հայոց լեզվի քննությունն ընդհանրապես դուրս է եկել: Այս տարի ԵՊՀ-ի 53 մասնագիտությունների գծով`3046 վճարովի եւ 344 անվճար տեղեր կան: Այս պահի դրությամբ դիմորդների թիվը միայն 1900 է: Պարոն Գալստյանը նշում է, որ թիվը ամենայն հավանականությամբ կավելանա երկրորդ փուլին. «Այս պահին շատ քիչ դիմորդներ ունենք մաթեմատիկայի, ակտուալ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, մշակութաբանության, արվեստաբանության, թարգմանչական գործ` գերմաներենի եւ ֆրանսերենի, եկեղեցաբանության ու իրանագիտության մասնագիտությունների համար»: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, ամենապահանջված մասնագիտություններն են իրավագիտությունը , լրագրությունը, տնտեսագիտությունը: Շատ են դիմորդները նաեւ միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման ֆակուլտետներում: Ինչպես նաեւ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերենի բաժնում ՀՊՄՀ-ում էլ այս պահի դրությամբ 744 դիմորդ կա: Այս թիվը նույնն է , ինչ անցած տարի, ասում է ՀՊՄՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը. «Ըստ ԳԹԿ-ի տվյալների՝ միասնական քննությունների հայտագրվածների թիվը նվազել են, բայց մեր դիմում-հայտերի թիվը նույնն է մնացել: Սա իհարկե ողջունելի է: Ամենաշատը հայտագրվում են պատմություն, կենսաբանություն, հոգեբանություն, լրագրություն, լոգոպեդիա, պարարվեստ, մոդելի ձեւավորում ու փողային եւ ժողգործիքների մասնագիտությունների գծով»: Պարոն Մարտիրոսյանը ցավով նշեց, որ այս տարի դեռ ոչ մի դիմորդ չկա քիմիայի եւ բնագիտության ֆակուլտետներում: Հարցին արդյո՞ք չի տուժի ապագա մասնագետների որակը ընդունելության քննությունների դյուրացման արդյունքում, Արտաշես Մարտիրոսյանը պատասխանեց. «Սովորող երեխայի համար կապ չունի, նրա որակը չի ընկնի, մենք վստահում ենք դպրոցին, եւ դպրոցի գնահատականին`նույնպես: Եվ հետո, ես որպես լեզվաբան, կարող եմ ասել՝ դեռ մեծ հարց է, թե որքանով են այդ միասնական քննությունների հարցերը ստուգում ուսանողների գիտելիքները»։ Պարոն Գալստյանն էլ ուսանողների հետ շփվելով հասկացել է, որ գնալով պակասել են միայն դիպլոմի համար համալսարան ընդունվողները. «Աստիճանաբար տենդեցը տանում է նրան, որ մասնագիտություն ձեռք բերելու համար են գալիս համալսարան։ Եվ հետո տարեկան 200 ուսանող դուրս է մնում ակադեմիական առաջադիմության պատճառով։ Այնպես որ, վատ սովորողները չեն ավարտում»: