Երեւանից դասախոսները գնում են Իջեւան՝ դասավանդելու (տեսանյութ)
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների մեծամասնությունն աշխատանք գտնելու խնդիր չունի։ «Մեր մարզի հանրակրթական դպրոցներում մանկավարժական կադրերի ավելի քան 400-ը մեր շրջանավարտներն են։ Շրջանավարտները լավ քննություն են հանձնում նաև բանկային համակարգում, և Տավուշի մարզի բանկային համակարգի աշխատողների մեծ մասը մեր շրջանավարտներն են»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը։ Բուհում գործում է 10 ֆակուլտետ։ Առավել պահանջ ունեն մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտացումները։ Կրթօջախը մագիստրատուրական կրթություն չի կազմակերպում։ Բայց, ըստ Սամվել Առաքելյանի, կրթության որակը չի զիջում մայրաքաղաքային համալսարանների որակին։ «Բակալավրիական կրթության մեր լավագույն ուսանողները գնում են ԵՊՀ՝ մագիստրատուրա սովորելու, այսինքն` նրանք սովորում են այնտեղ իրենց էն հասակակիցների հետ, որոնք համապատասխան մասնագիտությամբ ԵՊՀ –ում ստացել են բակալավրիական կրթություն։ Այսինքն` ոչ միայն աշխատաշուկայով ենք ստուգում մեր կրթության որակը, այլև ԵՊՀ-ում սովորող մեր մագիստրանտներով ենք ստուգում, թե ինչքանով են մեր բակալավրիատի շրջանավարտները ստանում գիտելիքների այն անհրաժեշտ բազան, որը ունի ԵՊՀ-ի ուսանողը»,-ասում է նա։։ Բոլոնյան համակարգը Հայաստանի կրթական ոլորտում առաջընթաց է խոստանում՝ փորձի փոխանակման, որակի բարձրացման և եվրոպական ստանդարտներին համապատասխան դիպլոմ ստանալու առումով։ «Այսօր մենք խնդիր ունենք, որպեսզի մեր դիպլոմները ճանաչվեն եվրոպական երկրների կողմից, իսկ որպեսզի ճանաչվի, որը սոսկ տեխնիկական խնդիր չէ, որ հայտարարեն, թե ճանաչում են ու վերջ, այսինքն` դրա համար պետք է ուսումնական պլանները որոշակի չափով համապատասխանեն, առարկայական ծրագրերը պիտի համապատասխանի»,-նշեց պարոն Առաքելյանը։ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում այսօր սովորում է շուրջ 1560 ուսանող։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմը երևանյան տարբեր բուհերի մասնագետներից է կազմված՝ հիմնականում Մայր բուհի։ Այստեղ աշխատանքի են անցնում նաև հենց ԲՈՒՀ-ի շրջանավարտները՝ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո։ Մանրամասները՝ տեսանյութում։